«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովն ունենա 12 մշտական հանձնաժողով, եւ առաջարկում են նաեւ ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:
Հիմնավորման մեջ նշվում է. «Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ:
Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձեւավորում»:
Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձեւավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ն դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս ԱԺ-ում պաշտոն ունենա:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, եւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը