«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 3.4 տոկոսով նվազել են:
Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3700-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3200 դրամ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605:
Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: Ըստ մասնագետների՝ առաջիկայում խոզի միսը կթանկանա: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել. այն տեւական ժամանակ է, ինչ գերազանցում է 4000 դրամը: Նշենք, որ ոչխարի միս Հայաստանից հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը