20 07 2021

Ավազի շուկայում քաոս է. «Ժողովուրդ»

Ավազի շուկայում քաոս է.  «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ավազի շուկայում իսկական քաոս է. արդեն մի քանի օր է, ինչ ավազի գինը կտրուկ բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է, նախկին 6000 դրամի փոխարեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից հետաքրքրվել ավազի գնի բարձրացման պատճառների մասին:

Մեր հարցին ի պատասխան՝ նրանցից մի քանիսը հայտնեցին, որ այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում. եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ: Ասել է թե՝ ավազի դեֆիցիտ է Հայաստանում, ինչի արդյունքում մեկ բեռնատար ավազի գինը 25000-30000 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 40000 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ավազի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են նաեւ Արմավիրի եւ Արարատի մարզերում. մասնագետները վաղուց են ահազանգում, որ Արաքս գետի հունից նախատեսվածից ավելի ավազ դուրս բերելու արդյունքում խախտվում է գետի հունը:

Մասնագետների խոսքերով՝ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի կողմից Արաքսի հունից եւ ափերից ավազ հանելու հետեւանքով մեր առանց այդ էլ փոքրիկ երկրի տարածքն է՛լ ավելի է փոքրանում, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմ, եւ սահմանը ջրով է անցնում: Բացի այս, այս մարզերում կան գյուղեր, որոնք չունեն ավազի հանման թույլտվություն, սակայն անարգել ավազ է հանվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ