«Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը լուրջ հարված էր մեր պետականությանը։ Այն ինչ-որ իմաստով մեր հանրության համար անակնկալ էր, քանի որ դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէր նման իրադարձությունների։ Սակայն մի քիչ խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ իշխանությունները իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում թուլացրել էին ոչ միայն բանակի ու պետության հիմքերը, այլև հասարակության զգոնությունը և դիմադրողականությունը։ Պատահական չէր, որ իշխանությունների կողմից թիրախավորվում էին հատկապես բոլոր այն մարդիկ, ովքեր Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակների ակունքներում են կամ էլ կարող էին մեծ ներդրում ունենալ երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այդ շրջանակներում էլ այնպիսի միֆական շղարշ էր հյուսվում, թե բանակի սպաներն ու գեներալներն ընդամենը սովորական «թալանչիներ» են։
Իսկ բազմաթիվ պատվախնդիր պրոֆեսիոնալներ ու ռազմական գործի գիտակներ ուղղակի մեկուսացվեցին բանակից ու պետական կառավարման համակարգից։ Նրանց փոխարեն առաջին պլանում հայտնվեցին կոնֆորմիստ կամ հարմարվողական մարդիկ, և այս դեպքում արդեն ոչ այնքան կարևոր էր նրանց գիտելիքները, փորձը կամ ինքնուրույն որոշումներ կայացնելու ու արագ կողմնորոշվելու ընդունակությունը, որքան իշխանությունների՝ թեկուզ անտրամաբանական հրահանգները գլուխը կախ, անվերապահ կատարելու հանգամանքը։ Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունները պարտության համար հատուկ նախադրյալներ են ստեղծել։ Իսկ պարտությունից հետո նոր «սերիայով» է շարունակվում երկրի այն նույն գործելակերպն, ինչով առաջնորդվում էին երեք տարվա ընթացքում, սակայն այս անգամ ավելի մեծ թափով են մտել գործընթացի մեջ։ Փոխանակ ժամանակը երկրի անվտանգության ամրապնդման օգտին աշխատեցնելու, երկրի գործող իշխանություններն ավելի են քայքայում ներքին դիմադրողականությունը և անվտանգային միջավայրը։
Իսկ երկրի դիմադրողականության ողնաշարը վերջնականապես ջարդելու քաղաքականությունը ենթադրում է բոլոր այն անհատների ու ուժերի մեկուսացում և թիրախավորում, որոնք հանդես են գալիս ազգային իմունիտետի պահպանման տեսակետից։ Պատահական չէ, որ իշխանությունները ռեպրեսիաների շարք են սկսել հատկապես Սյունիքում։ Նրանք երկրի անվտանգային հարցերով զբաղվելու փոխարեն Սյունիքի այն համայնքապետների ձերբակալություններով ու կալանավորումներով են զբաղված, ովքեր մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին, ովքեր ամուր կանգնած են հայրենի հողի վրա։ Արդյոք պատահակա՞ն է, որ իրավասու մարմինները խոչընդոտում են Սյունիքից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները, ինչի արդյունքում կանգնել է համապատասխան գումարների ներհոսքը երկիր և հատկապես Սյունիք։ Սրան զուգահեռ՝ գործադիրը նաև նոր նախագիծ է առաջ քաշել, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։
Հասկանալի է, որ լրացուցիչ հարկերի սահմանումն ու հումքի արտահանումը խոչընդոտելն ընդամենը լծակներ են, որի միջոցով իշխանությունները Սյունիքի հանքարդյունաբերության և տնտեսական զարգացման տակ ական են դնում, որպեսզի մարզն ամբողջովին իրենց կամքին ենթարկեն։ Նմանատիպ քաղաքականություն է տարվում նաև մյուս սահմանամերձ մարզերում, հատկապես Տավուշում, որտեղից հեռացվում են լավագույն զինվորականները։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատումը, որը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ, թե իշխանություններն ինչո՞ւ են հետևողականորեն թուլացնում սահմանամերձ մարզերի իմունիտետը։ Չէ՞ որ արտաքին ուժերից եկող ճնշումների դեպքում նրանք կարող են ներքին դիմադրությունն օգտագործել զիջումների չգնալու համար։
Բայց հարցն այլ է։ Արտաքին ուժերը հենց այնպես չեն ճանաչել ընտրությունների արդյունքները և, չնայած աղաղակող ընտրախախտումներին, վերահաստատել իշխանությունների վերարտադրության լեգիտիմությունը։ Դրա համար էլ նրանք արդեն իսկ ակնարկում են այն մասին, որ արդեն ՀՀ իշխանությունները պետք է զգայուն հարցերում ցավոտ լուծումների գնան։ Իսկ Փաշինյանի համար, ինչպես երևում է, իր աթոռն ավելի կարևոր է, քան պետության անվտանգությունն ու շահերը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը