««Հրապարակի» զրուցակիցն Ագարակի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանն է։ Գևորգյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել, թե նա, իբրև թե, միջամտել է ընտրական գործընթացներին, զինվորներին ուղղորդել է ընդդիմության կողմը և այլն։ Մեզ հաջողվեց կապվել Արգամ Գևորգյանի հետ, ով նշեց, որ ծառայողական քննությամբ պարզվել է, որ ինքը մաքուր է և ոչ մի խախտում էլ թույլ չի տվել։
- Ինչո՞ւ Ձեզ՝ մարտական ուղի անցած սպային, որոշեցին հեռացնել զինված ուժերի շարքերից։
- Հեռացրել են, որովհետև ինձ ասել են, որ վտանգ եմ Մեղրիի համար։
- Ձեզ մեղադրում էին քաղաքականությամբ զբաղվելու, ընտրությունների ժամանակ զինվորներին ուղղորդելու մեջ։
- Ես անկեղծ եմ ասում՝ ոչ մեկի համար ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ կաշխատեմ։ Հայրս էլ թեկնածություն դնի, ես կյանքում քաղաքականության մեջ չեմ մտել, չեմ էլ մտնի։ Ես այդ բանը չեմ սիրել։
- Հեռանալուց հետո Ձեզ հանգիստ թողե՞լ են։
- Այո, ինձ հետ կապված խնդիր չկա, ինձ չեն էլ կարող անհանգստացնել։ Ես անհամբեր սպասում եմ, որ ինձ ինչ-որ մեկն անհանգստացնի։
- Այսօր նաև Գրիգորի Խաչատուրովին են հեռացրել ծառայությունից։ Դուք նկատո՞ւմ եք, որ փորձառու, հայրենասեր զինվորականների նկատմամբ ինչ-որ գործընթաց է սկսվել։
- Ես չգիտեմ, թե ինչու սկսվեց այդ գործընթացը։ Ես իրոք չգիտեմ։
- Գուցե զինվորականներից վախենալու առի՞թ ունի իշխանությունը։
- Չգիտեմ, իրենք ինչ-որ ագրեսիա են նկատել իմ կողմից դեպի քաղաքական ուժերը, թե իբր ես ուղղորդել եմ։ Այսինքն՝ մի աղջիկ գրել է, իրենք հիմնվել են այդ աղջկա գրածի վրա։
- Կարծիք կա, որ փորձառու զինվորականներից ազատվել են ուզում, որպեսզի Սյունիքի միջանցքի շինարարությանը, հողերի հանձնմանը խանգարող չլինի։
- Եթե ինձ այդպիսի հարց տային, ես իրենց կապատասխանեի, ինձ այդպիսի հարց չեն տվել։ Ինձ ասել են, որ Մեղրիից պետք է գնաս, դու պետք չես Մեղրիում։ Միառժամանակ կգնաս կադրերի ռեզերվ, ես էլ ասացի՝ ես չեմ ուզում ծառայել, ես գնում եմ մեր տուն։
- Պարզաբանումներ չե՞ն ներկայացրել, թե ինչի համար են նման բան ասում։
- Չէ, ես ինձ թույլ էլ չեմ տվել․․․, ոչ էլ բողոքելու բան ունեմ, որ բողոքարկեմ։ Ես այդքան նյարդեր չունեմ, գնալու եմ ծնողներիս մոտ, ծնողներս Ամերիկայում են։
- Այսինքն՝ երկրից արտագաղթելո՞ւ եք։
- Այո, էլ մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ։ Այդ աղջկա գրածը թող չբերեին դնեին դիմացս՝ որպես իրեղեն ապացույց, նույն ծառայողական քննության ընթացքում այդ աղջիկը գրել է, որ այդպիսի բան չի եղել։ Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման։ Իրենց խնդիրն այն է, որ ես Մխիթար Զաքարյանի ընկերն եմ, բայց այդ մարդն էլ բառացի ասաց, որ Գևորգյան Արգամը կյանքում քաղաքականությունով չի զբաղվել։ Ես քաղաքականության մեջ չկամ, բայց ես իմ ընկերներից ինչո՞ւ պիտի հրաժարվեմ։ Մարդ իր ընկերոջից կհրաժարվի՞, այն ընկերոջից, որի հետ մարտի դաշտում վիրավորվել է, իր կողքն է եղել, այն ընկերն է, որը մեր բանակին տոննաներով ցեմենտ է տվել, օգնել է, ես այդ ընկերոջից ինչպե՞ս հրաժարվեմ։ Կապ չունի, որ ինքը մտել է քաղաքականություն, բայց ես երդվում եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ինքն էլ ինձ թույլ չի տվել որևէ բառ ասել։
- Վերջնակա՞ն եք որոշել լքել Հայաստանը։
- Այո։ Ես Հայաստանից գնալու եմ ու էլ չեմ էլ գալու Հայաստան։
- Եթե այս պատմությունը չլիներ, պլանավորո՞ւմ էիք լքել զինված ուժերը։
- Ոչ։ Ես նույնիսկ մի ոտքով էլ եմ հիվանդանոցից փախել, գնացել եմ, իմ կռիվը շարունակել եմ։ Ես իմ հողուջրի համար գիտակցաբար գնացել եմ մեռնելու։ Ես հիվանդանոցից՝ «Նաիրի» ԲԿ-ից, մերոնց խաբել եմ, թե իջնում եմ սուրճ խմելու, նստել եմ մեքենան ու վարորդիս ասել եմ՝ քշի ուղիղ Մեղրի։ Ես զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվի, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու։ Ես դա փոքր ժամանակվանից էլ չեմ սիրել, ես սիրել եմ իմ հայրենիքը, սիրել եմ իմ ազգին ծառայելը։ Ուրիշ բան չունեմ ասելու»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը