18 06 2021

Ականապատման քարտեզը տվեցինք, բայց մեր շիրակցի գերիները չվերադարձան․ Բորիս Ավագյան․ «Հրապարակ»

Ականապատման քարտեզը տվեցինք, բայց մեր շիրակցի գերիները չվերադարձան․ Բորիս Ավագյան․ «Հրապարակ»

«Գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանից հե­տաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր էր 15 գերու փոխարեն ավելին բերել, և եթե կարող էին Ակնայի ականապատման քարտեզի դիմաց հունիսին 15 գերի բերել, ինչո՞ւ դա ավելի վաղ չէին անում:

Ավագյանը, ով շատ մտերիմ է ռուս խաղաղապահների գնդի հրամանա­տար Մուրադովի հետ, նախ ասաց, որ բանակցությունները վարել են անփույթ, որովհետև այդ քարտեզի դիմաց ռուսական կողմը պատրաստ էր վերադարձնել բոլոր գերիներին: Ապա հիշեցրեց, որ Շիրակի մարզից 62 քաղաքացի կա գերեվարված, խոսքը Խծաբերդից գերեվարվածների մա­սին է, ուստի ինքը կարծում է, որ այս քարտեզի դիմաց անհրաժեշտ էր ստա­նալ բոլոր շիրակցի գերիներին, որոնք գտնվում էին այդ ցուցակում:

«Մենք տեսնում ենք, որ նրանց նկատմամբ այսօր Բաքվի դատա­րանում բեմականացված դատա­վարություն է տեղի ունենում, և ես ցավում եմ, որ շիրակցիներից ոչ մե­կը չվերադարձավ այս 15 գերիների հետ, և հուսով Եմ՝ մոտակա ժամա­նակ մենք կկարողանանք շիրակցիներին վերադարձնել»,- ասաց Բորիս Ավագյանը:

-Ինչո՞վ կարելի է բացատրել հենց 15 գերու վերադարձը՝ ոչ ավել կամ պակաս:

-Ես չգիտեմ՝ ինչով, բայց ամենա­զարմանալին, որ այդ 15-ի մեջ ոչ մի շիրակցի չի ներառվել:

-Իսկ գերիների ընդհանուր թի­վը մեզ հայտնի՞ է, պաշտոնական որևէ տեղեկատվություն ունե՞նք այդ մասով:

-Մենք պաշտոնական տեղե­կություններ ունենք, հաստատված թիվ ունենք, և ես համոզված եմ, որ մենք կկարողանայինք այս քարտեզի դիմաց վերադարձնել բոլոր մեր գե­րեվարվածներին: Ես հուսով եմ, որ մենք պետք է մոտ ժամանակներս ունենանք դրական նորություններ մեր շիրակցի գերեվարված տղաների վերաբերյալ, որովհետև ես գիտեմ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն իր բոլոր ջանքերն ու ժամանակը ծախսում է նրա վրա, որ վերադարձնի տղաներին, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք տվեցինք ականապատման քարտե­զը, բայց չվերադարձան մեր տղանե­րը, որոնք Շիրակի ցուցակում էին:

-Մենք հիմա քանի՞ գերի ունենք՝ ըստ պաշտոնական տվյալների:

-Պաշտոնական տվյալները պետք է ստուգել, թե 15 գերիների վերա­դարձից հետո քանիսն են մնացել, բայց շիրակցիներից 62-ն են գերեվարվել, վերադարձել են 8-ը, մնացել է 54 շիրակցի գերի:

-Իսկ այդ պաշտոնական տվյալները որտե՞ղ են հրապա­րակված, իշխանությունների կող­մից կարծես թե նման թիվ չի հրա­պարակվել:

-Հաստատված գերիների թի­վը կա Կարմիր խաչի մոտ՝ առաջին հերթին, և կա Պաշտպանության նա­խարարությունում:

-Այդ դեպքում ինչո՞ւ չեն հրապա­րակում:

-Դե, երևի այդ հարցը պետք է ուղղել գործող իշխանություններին:

-Իսկ Ձեր ունեցած տվյալներով քանի՞սն են:

-Իմ ունեցած տվյալները ես կհրապարակեմ, երբ բոլորը վերադառնան, որովհետև ես կարծում եմ, որ այսօր հրապարակելը կարող է խոչընդոտել բանակցային պրոցեսին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ