15 06 2021

Փաշինյանի հետ մի ամբողջ պետական ապարատ է շրջում․ «Հրապարակ»

Փաշինյանի հետ մի ամբողջ պետական ապարատ է շրջում․ «Հրապարակ»

«Արձակուրդում գտնվող վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի շրջանակում մի ամբողջ պետական ապարատ է շրջում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, ԱԱԾ աշխատակիցներ, ոստիկանության վեցերորդ, յոթերորդ վարչության աշխատակիցներ, ոստիկանության զորքեր՝ ավտոբուսներով, անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, լուսաբանողներ, պետական և ՏԻՄ պաշտոնյաներ։ Այս ամենը՝ մեկ մարդու քարոզարշավն անխափան անցկացնելու համար։ Ուժայիններից բացի, Փաշինյանի հետ են շրջում նաև կառավարության լրատվական ծառայության աշխատակիցները՝ վարչության պետ, լուսանկարիչ և այլք։ Այսինքն՝ վարչական ռեսուրսն ու ամբողջ պետական ապարատը արձակուրդում գտնվող թեկնածուի օգտին է ծառայեցվում՝ անթաքույց և առանց օրենքի տառը պահպանելու։ 

Կիրակի օրը Կոտայքի մարզ կատարած այցի ժամանակ էլ էր նույն վիճակը՝ ուժայիններից բացի, Փաշինյանին ուղեկցում էին նաև տարբեր պաշտոնյաներ և կառավարության լրատվականի աշխատակիցները։ Կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր հարցին, թե ինչ հիմքով են մասնակցում Փաշինյանի քարոզարշավին, ասաց, թե իրենք էլ են արձակուրդում, ուստի ազատ են՝ տնօրինելու իրենց ժամանակը։

«Ով հիմա իր հետ շրջում է, ինքը գտնվում է արձակուրդում, յուրաքանչյուրն իր՝ արձակուրդում գտնվելու ժամանակ ինքը գիտի, թե ինչպես տնօրինի իր ժամանակը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Հարցին՝ երբ ինքը մասնակցում է այդ հանրահավաքներին, որևէ աշխատանք կատարո՞ւմ է, որևէ բան գրո՞ւմ է, Խաչատրյանն ասաց՝ որևէ բան չի գրել, կոնկրետ կիրակի օրն ուղղակի գնացել, մասնակցել է, հաջորդ օրը, օրինակ, չի գնացել։ Նա նաև նշեց, որ ինքն արձակուրդում չէ, այդ օրը կիրակի էր, դրա համար էր գնացել։ Իսկ մյուսներն արձակուրդում են։ Ինչ վերաբերում է ոստիկանական մեքենաներին և ՊՊԾ աշխատակիցներին, որոնք այս օրերին զբաղված են բացառապես Փաշինյանի քարոզարշավով, Խաչատրյանը հորդորեց նրանց մասով դիմել համապատասխան կառույցներին։

«Մեր մասով կարող եմ ասել, որ որևէ պետական մեքենա չի օգտագործվում»,- ասաց նա։

Այդ դեպքում ի՞նչ է անում Փաշինյանի քարոզարշավին կառավարության լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, որը քարոզարշավի առաջին օրվանից լուսանկարում է Փաշինյանի այցերը, և որոշ կադրերում նրա աշխատանքը երևում է, հետո այդ լուսանկարները տարածում են համացանցում, ուղարկում ԶԼՄ-ներին։ Եվ այդ աշխատանքն էլ իրականացնում է կառավարության գույքը համարվող լուսանկարչական տեխնիկայով։

«Ասում եմ՝ արձակուրդում է գտնվում, արձակուրդի շրջանակներում իրավունք ունի ինչով ցանկանում է՝ զբաղվել»,- կրկնեց նա։ Թե երբվանից է արձակուրդում, Խաչատրյանն ասաց՝ քարոզարշավի մեկնարկից երկշաբաթյա արձակուրդ է վերցրել։ Այսինքն՝ պարզ է, որ նա և մյուսներն արձակուրդ վերցրել են, որպեսզի արձակուրդի անվան տակ, բայց պետության միջոցներով սպասարկեն Փաշինյանին։ Իսկ կարո՞ղ է կառավարության լուսանկարիչն այդ իրավունքն իրացնել ու, ասենք, մասնակցել Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի կամ Տիգրան Արզաքանցյանի հրավիրած հանրահավաքներին։ «Ոչ մի բան չեմ բացառում»,- ասաց կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Նշենք, որ այս պրակտիկան միշտ է գործել՝ նախկին իշխանությունների օրոք էլ են կառավարության աշխատակիցները քարոզարշավի օրերին արձակուրդ վերցրել, որ ե՛ւ ծառայեն օրվա իշխանությանը, ե՛ւ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ