12 06 2021

Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է պարտության շարունակություն նաև ապագայում․ «Փաստ»

Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է պարտության շարունակություն նաև ապագայում․ «Փաստ»

«Ընտրարշավը ակտիվ փուլում է։ Խորհրդարանում տեղեր ստանալու նպատակով պայքարի թոհուբոհի մեջ ներառված քաղաքական ուժերը փորձում են հանրության վստահությանն արժանանալ՝ ներկայացնելով իրենց առաջնահերթությունները։ Այնուամենայնիվ, այս քարոզարշավի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն աչքի է ընկնում ատելության և թշնամանքի դրսևորումներով։ Եվ այստեղ հարցը նաև այն է, որ ուրիշ կերպ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ի վիճակի չէ քարոզարշավ անցկացնել, քանի որ ամեն ինչ հիմնովին ձախողել է, ապագայի մասով ընդհանրապես ասելիք չունի, իսկ իր գլխավորած քաղաքական ուժի ներկայացրած ծրագրերը իրատեսական համարվել չեն կարող։

 

Մնում է միայն մեղավորների փնտրտուքը և պարտության պատասխանատվության բեռը այլոց, հատկապես նախկինների վրա տարածելը։ Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր, այսինքն՝ շրիշակից ցածր մակարդակի քարոզարշավի մեջ ներքաշել նաև մյուս ուժերին: Դեռևս գրեթե չի ստացվում: Սակայն որքան էլ Փաշինյանը փորձի արդարացնել իրեն, միևնույնն է, այս գործելակերպը չի նվազեցնում նրա պատասխանատվությունն ու մեղավորությունը։ Մյուս կողմից՝ շատ դեպքերում Փաշինյանի՝ ամեն գնով մեղավորներ գտնելու գործելաոճը ոչ միայն չի աշխատում հանրությանը ՔՊԿ-ի օգտին տրամադրելու հարցում, այլև ավելի է գրգռում մարդկանց, վանող զգացումներ առաջացնում հասարակության՝ առավել բարձր գիտակցական մակարդակ ունեցող հատվածի շրջանում։ Եվ քանի որ Փաշինյանը մանիպուլ յացիաների վարպետ է, փորձում է մեկ հնարք ևս գործի դնել։ Մասնավորաբար, նա ձգտում է իրենից այնպիսի կերպար կերտել, որը ցույց կտա, թե ինքն իբր մեղավորություն չունի, ընդամենը իրադարձությունների և հանգամանքների զոհ է։ Ճիշտ այնպես, ինչպես պատերազմից հետո հանրության մեջ սերմանեցին, թե նախկիններն ամեն ինչ որոշել էին, ուղղակի «գցեցին էս հարիֆի գրպանը»:

Կամ՝ հայտնի ձայնագրության հանգվույն, երբ ինքն է խոստովանում, որ կոնկրետ հարցից «թռնելու» համար իրեն «գժի տեղ է դրել»: Այդպիսով Փաշինյանն ակնկալում է, որ զոհի կերպարի դերի մեջ մտնելով՝ գոնե այդպես կհաջողվի արժանանալ քաղաքացիների խղճահարությանը, ովքեր կասեն, թե խեղճ Նիկոլն էլ ինչ աներ, ինչ կարողացել, արել է, սակայն չի ստացվել։ Հենց զոհի կերպար ստեղծելու տրամաբանության մեջ է տեղավորվում քարոզարշավի ընթացքում Փաշինյանի այն հայտարարությունը, թե «միգուցե Աստված մեզանից երես է թեքել»: Կամ բազմիցս կրկնում է, որ եթե ժողովուրդը որոշի, թե ինքը մեղավոր է, ապա ինքը պատրաստ է, որ իրեն պատի տակ գնդակահարեն։ Այսպիսի տրամաբանության շրջանակում էլ որոշ մարդկանց շրջանում այնպիսի ֆանտաստիկ թեզեր են շրջանառում, թե Փաշինյանը չի ցանկացել, սակայն նրան գողացել, տարել և ստիպել են, որ ստորագրի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Իսկ գերիներին իր որդու հետ փոխանակելու Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն պոպուլիզմի գագաթնակետն է, այլ քաղաքացիների շրջանում իր նկատմամբ խղճահարություն առաջացնելու հերթական փորձը։

Սակայն սա նաև ցույց է տալիս, թե որքան ծայրահեղ է իրավիճակը, ու վեր է հանում իշխանությունների ապաշնորհության ողջ ներկապնակը։ Նրանք այլևս անկարող են երկրի համար որևէ լուրջ խնդիր լուծել։ Դրա համար էլ, օրինակ՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարում է, թե հանրությունը ոչ թե իրենցից, այլ Ադրբեջանից պետք է պահանջի գերիների վերադարձը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես մեր իշխանությունները հասարակության առաջ պարտավորություններ ունե՞ն կատարելու, թե՞ իրենց խնդիրը միայն պարգևավճարներից ու պաշտոնի ընձեռած հնարավորություններից օգտվելն է։ Եթե Փաշինյանն ու իր թիմակիցները անգամ գերիների հարցը չեն կարողանում լուծել, ապա ինչո՞ւ են ակնկալում կրկին վերարտադրվել։ Չէ՞ որ քաղաքացիներն ընտրություն կատարելիս ամենաշատը հաշվի են առնելու, թե որ քաղաքական թիմը որքանով է ընդունակ ժողովրդի ու երկրի համար խնդիրներ լուծել։

Ըստ այդմ, պատահական չէ հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ էական դժգոհությունների կուտակումը։ Դա են վկայում նաև պարբերաբար անցկացվող սոցհարցումները: Իշխանությունների դրությունն այնքան անհույս է, որ մարզերում բավարար համակիրներ չունենալու պատճառով մեծ քանակությամբ շրջիկ խմբեր են հետները տանում, որպեսզի կարողանան տեսախցիկների առաջ շոուներ կազմակերպել, արհեստականորեն տպավորություն ստեղծել, թե Փաշինյանն ամեն տեղ ունի համակիրների բանակ։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը պարտված է, իսկ նրա քարոզարշավը՝ իշխանությունը պահելու հուսահատ փորձ, քանի որ եթե նիկոլամոլների փոքրաթիվ զանգվածին հանում ենք, ապա հասարակության գերակշռող մեծամասնությունը ըմբռնում է, որ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է պարտության շարունակություն նաև ապագայում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ