««Հայրենիքի փրկության շարժման»՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս երեկ մասնակցում էր Հանրապետության հրապարակում ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հավաքին: «Իրավունքը» նրան հիշեցրեց դեռևս փետրվարի 20-ին Ազատության հրապարակում իր առաջարկած պլան Բ-ի մասին։
-Պարո՛ն Մանուկյան, այդպես էլ չկիրառվեց Ձեր առաջարկած երկրորդ տարբերակը, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել, կայծակնային արագությամբ ապստամբելով, վերցնել իշխանությունը: Չե՞ք կարծում, որ եկել է դրա ժամանակը:
֊Պլան Բ-ն իրականացնելու համար պետք է հսկայական աշխատանք, հսկայական ցանցային կառույցներ, և եթե այն կուսակցությունները, որոնք գնում են ընտրության, իրենց ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական, կազմակերպչական, ծախսեին դրա վրա, մենք կունենայինք պատրաստի մի կառույց, որի միջոցով հնարավոր կլիներ անել: Այս պահին ես չեմ տեսնում նման բան:
- Հանրությունը մեղադրում է նաև ընդդիմությանը, որ այս օրհասական պահին զբաղված են նախընտրական եռուզեռով, մինչդեռ ընտրություններ կարող է նույնիսկ ընդհանրապես տեղի չունենալ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ի սկզբանե արտահայտվել եմ ընտրությունների դեմ, և ինքս չեմ մասնակցում դրան: Գտնում եմ, որ սա անպտուղ գործունեություն է: Ընտրությունները Հայաստանում միշտ եղել են կեղծ կատեգորիա, իսկ նման պայմաններում այս չարիք իշխանության օրոք, ձեզ ի՞նչ է թվում՝ կապիտուլյացիա ստորագրելուց հետո, Կուբալթու-Զանգելանից զորքը հանելուց հետո, Իշխանասարը հանձնելուց հետո այս իշխանությունը կսպասի՞, որ թղթի վրա ինչ-որ ազգանուն գրեն և ասեն, թե այս մարդն է դառնալու վարչապետ: Բնական է, որ այդպիսին բան չի լինի, այս ընտրությունն աստիճաններից մեկն է, որով մենք գլորվում ենք անդունդը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը