11 05 2021

Հայաստանն ապրում է դիվային ժամանակներ․ «168 ժամ»

Հայաստանն ապրում է դիվային ժամանակներ․ «168 ժամ»

«Դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ իշխանությունը»,- խորհրդարանում հայտարարում է իշխող խմբակցապետ տիկինը՝  գիտակցված կամ ոչ, սակայն բացահայտելով ոչ այնքան իր, որքան իր ներկայացրած թիմի ու, ամենակարևորը՝ նրա ղեկավարի արժեքային համակարգն ու բարոյական նկարագիրը։ Որևէ հասարակությունում ամենաթանկը մարդկային կյանքն է, իշխանությունն ընդամենը միջոց է այդ կյանքն ավելի լավը դարձնելու համար։

Հայաստանի քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին «ի պահ են տվել» ոչ թե իշխանությունը, որն ամենաթանկն է նրանց համար, այլ իրենց ու իրենց երեխաների կյանքը։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, որի համար ամենաթանկն իշխանությունն է, իր համար ամենաթանկը՝ այդ իշխանությունը պահպանելու համար զոհաբերել է քաղաքացիների համար ամենաթանկը՝ երեխաների կյանքը։ Սա աշխարհայացք ու փիլիսոփայություն է՝ ոչ միայն, իսկ իրականում՝ ոչ այնքան իշխանության, որքան մարդկային, համամարդկային արժեքների ու դրանց ամենաբարձր արժեքի՝ կյանքի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը, ահա, ոտնձգել է այդ ամենաբարձր արժեքի՝ մարդկային կյանքի նկատմամբ, ու հիմա ճամարտակում է, որ երեք տարի շարունակ ամեն ինչ արել է մարդու կյանքի համար։ Պատեհապաշտության ու փարիսեցիության ավելի ցինիկ դրսևորում դժվար է անգամ երևակայել։

 

Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին քննարկումները սոսկալի էին իրենց անհամարժեքությամբ։ Մի ամբողջ օր տասնյակ մարդիկ, փողկապներով կամ առանց դրանց, դեմքի իմաստուն արտահայտությամբ, իսկ հիմնականում՝ առանց դրա, խոսում էին «սխալների», «թերությունների», «բացթողումների» մասին։ Խոսում էին այնպիսի ու այնքան անհոգ առոգանությամբ, կարծես խոսքը սովորական երկրի սովորական նախընտրական իրականության մասին է։

Նրանք մոռացել են, իսկ գուցե երբևէ չեն զգացել այն աղետն ու արհավիրքը, որն իրենց ձեռամբ պատուհասել է հայ ժողովրդին, Արցախին ու Հայաստանին։ Նման ողբերգությունից հետո սովորական ռեժիմի հանգույն՝ «սխալների» ու «բացթողումների» մասին խոսելն անմեղսունակություն է, և ոչ միայն՝ քաղաքական։ Բայց նրանք ոչ միայն ուղղակի խոսում են, այլ, ինչպես ինքնախոստովանվում են՝ նաև հանգիստ քնում այն գիշերներում, որոնք իրենց պատճառով դժոխային են դարձել՝ առնվազն մի քանի հազար, իսկ լայն իմաստով՝ միլիոնավոր մարդկանց համար։
Հայաստանն ապրում է դիվային ժամանակներում, որոնք արյունոտ խրախճանքի ժամանակներ են։ Երկիրը մահով ու արյամբ պատած մարդիկ ներողություն են խնդրում «սխալների» ու «բացթողումների» համար՝ զոհին երախում պահած գիշատիչի ցինիզմով սպառնալով, թե ապագա կա։

 

Առողջ բանականությունը բռնաբարող այս իրականությունը վկայում է, որ մենք ապրում ենք մեծ հիվանդասենյակում, որը տարբերակում են ոչ թե վանդակապատ դռան համարով, այլ անվանումով՝ հիվանդասենյակ N Հայաստան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ