«Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների:
Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գևորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար:
Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գևորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), և ինչու մինչև հիմա հանրությանը մոլորեցնելու և հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը