«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի անգամ մասնակցել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, ապա մեկնել Մոսկվա, այս օրերին նորից Երևանում է։ Երբ նրանք հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա, փաստորեն, գնում է արտահերթ ընտրությունների, և Հայրենիքի փրկության շարժումը, փաստացի, ձախողեց իր առաքելությունը՝ չկարողանալով հասնել Փաշինյանի հրաժարականին, Օսիպյանն ասաց՝ առջևում ընտրություններ են, ժողովուրդն իր կամքը կարտահայտի, և ընտրություններով պարզ կլինի, թե ով կլինի մեր հաջորդ ղեկավարը։
- Ընդդիմության այս 5-6 ամսվա պայքարը, փաստորեն, ընդամենը նրա համար էր, որ գնաք Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով ընտրությա՞ն։
- Ընդդիմության պայքարն այլ էր, բայց այլ ճանապարհներ ևս կան՝ քաղաքակիրթ ձևով, դա ընտրություններն են, որով կարտահայտվի ՀՀ քաղաքացու դիրքորոշումը։
- Կարծում եք՝ սա՞ է ճիշտ ճանապարհը, պե՞տք էր Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրությունների։
- Որքանով ես տեղյակ եմ՝ ինքը պետք է հրաժարական տա մինչև ընտրությունները։
- Այո, բայց ինքը մնալու է որպես ժամանակավոր պաշտոնակատար։
- Դա արդեն չգիտեմ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որպեսզի վաղը շահարկումների թեմա չլինի, մեկ այլ անձ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի վաղը հարցեր չառաջանան՝ պետական ռեսուրսներ չարաշահելու և այլն, և այլն։
- Իսկ Դուք որևէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք կամ հնարավո՞ր է՝ որևէ ուժի ցուցակով մասնակցեք ընտրություններին։
- Ամեն ինչ էլ հնարավոր է։
- Կա՞ քննարկում քաղաքական ուժերի հետ։
- Կարծում եմ՝ այո։
- Ո՞ւմ հետ, ինչպե՞ս։
- Կասեմ։
- Կարո՞ղ է այդ ուժը Քոչարյանի ձևավորած դաշինքն է լինելու։
- Այն ուժի հետ եմ լինելու, որին ես վստահում եմ և համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետությունն իր ղեկավարությամբ առաջընթաց կունենա, կզարգանա, և կունենանք հզոր Հայաստան։ Բայց ես հիմա դեռ չեմ ասում՝ ում եմ տեսնում։
- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ ընտրությունների միջոցով վերարտադրվել, թե՞ մտածում եք՝ ընդդիմությունը, ամեն դեպքում, հաղթանակ կտանի ընտրություններում։
- Եկեք առաջ չընկնենք, սպասենք ընտրություններին, եթե դրանք, իհարկե, կայանան։ Ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այսօր ավելի իրազեկ է, էլ ավելի քաղաքականապես գրագետ է և մտահոգված է Հայաստանի ապագայով, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո, այն ճակատագիրը, որին մենք արժանացանք, մտահոգում է մեր քաղաքացիներին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի ձայնը կարևոր կլինի, և բոլորը կքվեարկեն այն անձի, այն դաշինքի, այն ուժի համար, որն ի վիճակի կլինի Հայաստանն այս վիճակից դուրս բերել։
- Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է հակահարձակման, ամբողջ մեղքը բարդում է նախկինների վրա, և հանրության մի որոշակի զանգված կա, որ հավատում է Փաշինյանի մանիպուլյացիաներին։
- Ես չգիտեմ՝ ով է հավատում, ով չի հավատում, ես ինձ վրա օրինակ բերեմ․ եթե ես ղեկավարել եմ մի կարևոր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը, ինձ համար անընդունելի է այդ գաղափարը՝ ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Ես միշտ էլ ասել եմ, որ նախկինների մեջ էլ կային այնպիսի անձինք, որոնք իրավունք չունեին զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, ներկայիս իշխանության մեջ էլ կան անձինք, որոնք ընդհանրապես պետք է հեռու մնան այդ պաշտոններից, և դասակարգել սև ու սպիտակների, նախկին-ներկաների՝ անթույլատրելի եմ համարում։ Սա փոքր երկիր է, մենք բոլորս հայ ենք, և այդ տարանջատումը հասարակության մեջ, կարծում եմ, իր բացասական ազդեցությունն ունեցավ, որ հայտնվեցինք այս վիճակում»,-գրում է թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը