««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 16-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը կրկին տեղի չի ունենա, և օրակարգում ներառված հարցերն այդպես էլ չեն քննարկվի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին ևս պետք է տեղի ունենար Դատավորների ընդհանուր ժողով, սակայն այն տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով:
Այդ ժամանակ օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրություն և Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամի ընտրություն, սակայն, ինչպես նշեցինք, նիստը չկայացավ: Եվ, ահա, չնայած որոշվել էր, որ այն պետք է տեղի ունենար այս ամիս, սակայն մենք տեղեկացանք, որ այն կրկին չի կայանա։ Սակայն հետաքրքիր է, որ դատավորներին անգամ զգուշացրել են՝ եթե չգան նիստին, ապա նրանց նկատմամբ կարող են կարգապահական վարույթներ հարուցել:
Եվ արդյունքում դատավորներն արդեն նամակներ են գրել Բարձրագույն դատական խորհրդին և տարբեր պատճառներ ներկայացրել, թե ինչու չեն կարող ներկայանալ նիստին և, օրինակ, նշել են վատառողջ լինելու, կորոնավիրուսով հիվանդ լինելու կամ այլ գործ ունենալու հանգամանքը: Եվ ստացվում է այնպես, որ դատավորներին չեն կարողանում մի վայրում հավաքել, որպեսզի քննարկեն այդ մի քանի հարցերը, և հիմա անհայտ է, թե երբ կկայանա հաջորդ քննարկումը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը