09 04 2021

Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրգործը կկարճվի․ «Ժողովուրդ»

Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրգործը կկարճվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, Հայկ Հարությունյանի հարազատներին տեղեկացրել է, որ որոշում է կայացնելու կարճել քրգործը: Սակայն նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբոր որդին, այդ որոշման հետ համամիտ չէ եւ հայտնել է, որ կան բացեր, որոնք նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել, ուստի պետք է լրացնել դրանք: Նա, մասնավորապես, միջնորդություններ է ներկայացրել Քննչական կոմիտե` ասելով, որ պետք է Հայկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները լինեն քրեական գործում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հարությունյանի եղբորորդու ներկայացրած խոսակցությունների վերծանումները կարվեն, նախաքննական մարմինը դրանք կներգրավի քրեական գործի մեջ եւ ընթացքը կլուծի: Ասել է թե՝ առաջիկայում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ