08 04 2021

Առաջիկա 3 ամիսներին պետական համակարգն ուղղակի կանգնելու է․ «Հրապարակ»

Առաջիկա 3 ամիսներին պետական համակարգն ուղղակի կանգնելու է․ «Հրապարակ»

«Տատս ասում էր՝ «ահի տարին ինչ էր, թե մահի տարին ինչ լիներ»։ Այս ասացվածքն օգտագործում էր, երբ ուզում էր ինչ-որ մեկի անճարությունը, տհասությունը, անընդունակությունը, ավելորդ ամբիցիաները, տվյալ խնդիրը լուծելու անկարողությունը ցույց տալ։ Մինչև պատերազմը եղած հարցերն անգամ այս իշխանությունն ի վիճակի չէր լուծելու, ուր մնաց թե պատերազմից հետո ծագած բարդագույն հարցերը կարողանա լուծել։ Իսկ հիմա այդ ամենին գումարվում է նաև նախընտրական թոհուբոհը։ Ի վերջո, այս իշխանությունների պոտեցիալը մեզ բոլորիս հայտնի է՝ աշխատունակությունն ու ուղեղի ծավալը ներառյալ։

 

Պարզ է, որ սրանք ո՛չ գիշեր-ցերեկ աշխատելու «հավես» ունեն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ մտավոր մեծ ունակություններ։ Ո՛չ հասկանում են, թե ինչ բարդ խնդիրներ են ծառացած մեր երկրի ու իշխանությունների առաջ։ Ո՛չ գիտակցում են իրենց դերն ու տեղն այդ խնդիրների լուծման հարցում։ Այդ կիսատ-պռատ եռանդով ու աշխատասիրությամբ, խնդիրների բարդագույն և ահռելի ծավալի ներքո, հիմա էլ հայտնվել են նախընտրական բարդ շրջանում, որը կտևի առնվազն երեք ամիս։ Ինչը նշանակում է, որ պետության առաջ ծառացած բարդ ու անլուծելի, հրատապ և կենսական շատ խնդիրների լուծումը մղվելու է հետին պլան։ Առաջին պլան են մղվելու ամեն գնով վերարտադրվելու խնդիրն ու ցանկությունը։ Իսկ համատեղել պետական և անձնական խնդիրները, աշխատել երկու ֆրոնտով, այնպես անել, որ պետությունը, հասարակությունը չտուժի, նրանք ի վիճակի չեն։

Դա նշանակում է, որ առաջիկա երեք ամիսներին պետական կաթվածահար համակարգն ուղղակի կանգնելու է՝ ոչինչ չի աշխատելու, ոչ ոք չի աշխատելու։ Ի պաշտոնե երկրի համար պատասխանատվություն կրողների միտքն ու ջանքերն ուղղվելու են «Իմ քայլի» համար քվե բերելու անշնորհակալ գործին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ