«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին պարզ կլինի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան ուղարկված դիմումի ճակատագիրը: Ինչպես հայտնի է, մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։
Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:
Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»:
Եվ, ահա, տեղեկացանք, որ դիմումը նախնական ուսումնասիրման փուլում է (ժամկետը` մուտքագրման պահից 30 օր): Դրանից հետո աշխատակարգային նիստում պետք է քննության առնվի դիմումը քննության ընդունելու հարցը: Սակայն, մեր տեղեկություններով, որոշումը կհրապարակվի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը, եւ դիմումը կընդունվի քննության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը