««Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փորձել ենք իշխանական պատգամավորից պարգել, թե արդյոք հունիսի 20- ին հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդիմության, սա իշխանությունների հերթական «բլեֆն» է: Հակոբյանը անդրադարձել է նաև Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմությանը, նրանց կատարած քայլերին ու իշխանությունների կողմից ուժ կիրառելու և այն ցրելու մասին:
-Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհրդարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են:
-Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքական կամքն ունենան նաև ընդդիմադիր մեր գործընկերները:
-Ունեն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների:
-Չհավատալն այլ բան է, կամք ունենալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մասնակցելու:
-Նույն ընդդիմությունը, Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտրություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները:
֊Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնայած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու և չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավարար չէ, և նրանց հարկավոր են հավելյալ մեխանիզմներ, որպեսզի ընտրությունները չկեղծվեն, եկեք խոսենք:
-Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում:
֊Բոլորին, նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թափանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած՝ որևէ հիմք որևէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտրությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, և որևէ մեկը չի կեղծվել:
֊Ասում են, որ չպետք է համեմատել 2018 թ. ընտրությունների հետ, քանի որ 2018 թ. ժողովրդի վստահությունը ձեր իշխանության հանդեպ մեծ էր, իսկ այս պահին վստահություն չկա:
-Մենք ՏԻՄ ընտրություններ ենք անցկացրել և չենք հաղթել այդ ընտրություններում և չենք էլ կեղծել այդ ընտրությունները: Այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու է հաղթել:
-Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփվե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակությունը ձեր իշխանության մասին:
-Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծելու, որ այն մարդիկ, որոնք պետք է բանտում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել:
-Օրինակ՝ ասո՞ւմ են, որ կրկին ՔՊ-ին են ընտրելու։
֊Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել:
-Հիմա քննարկվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մասնակցել քարոզարշավին, քանի որ տեսակետ կա, որ Փաշինյանը քննադատվում է, և նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որևէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան:
-Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյանի դեմքով:
-Վարկաբեկվել է այս ժամանակահատվածում:
-Դե կգնանք ընտրությունների, կտեսնենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է:
-Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բա՞րձր, ինչպես 2018 թ.:
-Ինչպես 2018 թ. հասկանալի պատճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձ է, դա այդպես է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը