24 03 2021

Լիլիթ Մակունցը դեպրեսիայի մեջ է․ ամեն փոքր բառից վիրավորվում է․«Հրապարակ»

Լիլիթ Մակունցը դեպրեսիայի մեջ է․ ամեն փոքր բառից վիրավորվում է․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կամ, ինչպես մենք էինք ժամանակին արձանագրել, «Ազգային ժողովի ամենահմայիչ տիկին Մակունցը», կարծես դեպրեսիայի մեջ է: Այդ մասին գրում է նաև մամուլը: Նա երեկ ցույց տվեց, որ այլևս ի վիճակի չէ հանդարտ տո­նով, եթե չասենք՝ ադեկվատ, արձա­գանքել լրագրողների հարցերին: Նա մեր բոլոր հարցերի տակ ինչ-որ վիրա­վորանք և ոչ կոռեկտ ձևակերպում է տեսնում և, ի վերջո, հրաժարվեց պատասխանելուց:

Օրինակ, երբ նրան հիշեցրինք, որ մամուլում գրվում է, թե իրենց խմբակ­ցության սորոսական համարվող հատվածն ու այդ ՀԿ-ները պնդում են, որ իշխանությունը պետք է ան­պայման Ընտրական օրենսգիրքը փոխի, նոր գնա ընտրության, Մակունցը որոշեց չընդունել «նման ձևա­կերպումները» իրենց խմբակցության որևէ հատվածի հասցեին և խնդրեց պիտակներ չփակցնել ու հրաժարվեց պատասխանել հարցին:

Հիշեցրինք, որ սա պիտակ չէ, «սորոսական» անվանում են նրանց, որոնք Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեն, բայց Մակունցն այլևս չցանկացավ լսել:

Այստեղ հարց է առաջանում՝ երբվանից է «սորոսական» անվա­նումը համարվում վիրավորանք, եթե «սորոսական»-ը վիրավորանք է, ապա նույնկերպ «իմքայլական»-ն էլ է վիրավորանք, ինչևէ դրանից էլ չեն վիրավորվում: Էլ չենք խոսում տարբեր այլ որակումների մասին՝ «քայլարած», «ուսապարկ» և այլն: Կամ, եթե «սորոսական»-ը վիրավո­րական է, ապա թող դա ամրագրեն, ասենք, Սահմանադրությամբ, որ մենք էլ իմանանք՝ իրենց խմբակ­ցության մի հատվածին բնորոշելիս օգտագործել այդ ձևակերպումը որպես վիրավորանք, թե չօգտա­գործել: Մանավանդ՝ ինչ ուզում, իրենց 80 հոգով անցկացնում են խորհրդարանում՝ ամենավնասակար օրենքներից մինչև ամենաաբսուրդը: Բայց այսքանով Մակունցի «խռովությունը» չավարտվեց: Մենք նրան նաև ուղիղ հարց ուղղեցինք՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է: Նմանատիպ հարց ժամանակին ուղղում էինք նաև հանրապետականներին՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, և նրանք շատ քաղաքավարի, առանց վի­րավորվելու հիմնավորում էին, թե ինչու է Սերժ Ազատիչն անփոխարի­նելի:

Մակունցին այս հարցն էլ դուր չեկավ, և չհասկացանք, թե ինչու: «Ես Ձեր հարցին չեմ պատասխա­նում»,- ասաց նա: Այլ հարցեր էլ հնչեցին նույն կոնտեքստում, օրի­նակ՝ լրագրողներից մեկը սրեց հարցադրումը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին շատ են վարկաբեկել, նա վարկաբեկված անձ է համարվում, ուստի ճի՞շտ է, արդյոք, նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը: Մեկ այլ լրագրող էլ շարունակեց՝ դուք հո անձ-կուսակցություն չեք: Այստեղ Մակունցը որոշեց վերջնա­կանապես խռովել մեզնից. «Ես խնդրում եմ՝ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել, ես խնդրում եմ՝ կոռեկտության սահմաններում մնալ»: Դրանից հե­տո հայտարարեց, որ դադարեցնում է ճեպազրույցը, նեղացավ ու հեռա­ցավ:

Ակնհայտ է, որ Մակունցը մտել է մի բեռի տակ, որից այլևս չի կա­րողանում դուրս գալ: Մամուլում գրվում է, որ նա ծանր է տանում այն, ինչ կատարվում է երկրում, թեև բավարար կամք ու համարձա­կություն չունի՝ այդ ամենի մասին հրապարակավ հայտարարելու: Ու այլևս չի կարողանում իշխա­նության հասցեին ուղղված քննա­դատությունները լսել: Նաև դա է պատճառը, որ խնդրել է իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ուղարկել, որ ազատվի լրագրողների հարցադրումներից էլ, դրանց արձագանքելու դարդից էլ: Ստացվում է՝ նախկիններին կարե­լի էր ամենասուր ու անգամ սադրիչ հարցերը տալ, իսկ իրենք, որ երկի­րը բառի բուն իմաստով գլորում են անդունդը, պետք է միայն սիրաշա­հենք ու հաճելի հարցեր ուղղենք, որ նրանց նուրբ հոգին չընդվզի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ