02 08 2023

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»

Hetq.am-ը գրում է.

«Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ և վաճառքով են զբաղվում:

Դրանցից մեկը՝ «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, մոտ 2 ամիս առաջ է ավազի արդյունահանման թույլտվություն ստացել, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին են վկայում Մեծամորի համայնքապետի հարուցած վարչական վարույթները: Սակայն, վերջին վարչական վարույթը կարճվել է, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:

Այդ ընկերությունները ստեղծվել են 2018թ. իշխանափոխությունից հետո: Վահե Մակունցը ոչ թե ընկերությունների հիմնադիրն է, այլ «փայ է մտել» դրանցում՝ «դուրս թողնելով» նախկին իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ անձանց:

Մակունցի բիզնես գործընկերները ևս պատահական մարդիկ չեն. նրանցից մեկը Գագիկ Ջհանգիրյանի խնամին է, մյուսը՝ նախկին առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:

Վահե Մակունցը 2018թ.-ի իշխանափոխությունից հետո պետական տարբեր պաշտոններ զբաղեցրած Լիլիթ Մակունցի եղբայրն է: 2018-2019թթ.-ին Լիլիթ Մակունցը մշակույթի նախարար էր, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցրել իշխող խմբակցության ղեկավարի պաշտոնը: 2021թ. օգոստոսին նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ 4 տարի ժամկետով:

Այդ ժամանակահատվածում Վահե Մակունցը ևս պետական պաշտոններ է զբաղեցրել: Մասնավորապես, 2021թ. օգոստոսին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական: Քանի որ Ս. Պապիկյանը նույն տարվա նոյեմբերին ազատվել է այդ պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար, Վահե Մակունցը կարճ ժամանակ աշխատել է   փոխվարչապետ, այժմ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի օգնական: Այդ պաշտոնից ազատվել է 2021թ. դեպտեմբերի 10-ին: Դրանից հետո Վ. Մակունցը տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն՝ զբաղեցնելով նախարար Պապիկյանի օգնականի պաշտոնը:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Վահե Մակունցն աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Դուրս գալուց հետո՝ 2023թ. հունվարին, արդեն երկու ընկերության մասնակից է դարձել ու հետագայում ընդլայնել բիզնեսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ