03 03 2021

Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել․ «Ժողովուրդ»

Արման Բոշյանին հատուկ առաջադրանք է տրվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել:

 

Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին:

Պատգամավորը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ տևական ժամանակ խորհրդարանի այգում քայլում ու զրուցում էր, կարծես թե ինչ-որ բան էր նրան համոզում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ իմքայլական պատգամավոր Արման Բոշյանի հետ:

«Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, ովքեր ունեն մտահոգություններ տարբեր հարցերի վերաբերյալ, մենք, այո, մեր գործընկերների հետ քննարկում ենք և պարտավոր ենք քննարկել ընթացիկ իրավիճակը, մեր պատկերացումները, մեր մոտեցումները, համադրել դրանք իրար հետ ու փորձել լուծումներ գտնել»,- հանդիպման վերաբերյալ ասաց Արման Բոշյանը:

 

Ըստ պատգամավորի՝ իրենք միշտ են նման քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ: «Քննարկումները շարունակվելու են, ու ես կարծում եմ, որ մենք անպայման լուծումներ գտնելու ենք»,-եզրափակեց պատգամավորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ