27 02 2021

Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձը․ «168 ժամ»

Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձը․ «168 ժամ»

«Նոյեմբերի 10-ից հետո մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ որոշում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խոսելու ժամանակը, և որքան հետպատերազմյան անվտանգային սպառնալիքները սրվում էին, երկրի դիմադրողականությունը գնալով թուլանում էր, այնքան ԳՇ պետին ուղղված չլռելու պահանջները խստանում էին, դառնում ավելի կտրուկ: Ոմանք նույնիսկ պահանջողից վերածվեցին մեղադրողի, ինքնասպանության կոչ անողի… Մի ոչ մեծ հատված էլ, համաձայն չլինելով գեներալի լռության հետ, շարունակում էր պաշտպանել՝ հասկանալով, որ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ կառավարման ղեկին չլինելուց բանակի համար շատ ավելի վատ է լինելու՝ աչքի տակ ունենալով Պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայիս ղեկավարությանը։

 

Խոսելու և Նիկոլ Փաշինյանին դեմ կանգնելու պահանջները, անշուշտ, արդարացի էին: Իսկ Օնիկ Գասպարյանն իրեն «պարտադրվող» ժամանակում չխոսելը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելը դիտարկում էր բանակը ներքաղաքական զարգացումներից հեռու պահելու տրամաբանության մեջ: Նա տիպիկ զինվորական է և բանակի քաղաքականացման հարցում կտրուկ վերաբերմունք ունի: Երկրորդ՝ զինվորականը սովոր է հաշվարկներ անել այս կամ այն քայլն անելուց առաջ, համենայնդեպս, իր դեպքում այդպես է, երրորդ՝ ոչ մեկը գեներալի որոշման վրա չի կարող ազդել, կամ համոզել նրան անել մի բան, որին ինքը չի ուզում գնալ այդ պահին:

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ երեկվա հայտարարությանը, որով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի շարք գեներալներ և ԳՇ վարչությունների ղեկավարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, ապա այն, վստահաբար, երկսր ծանրութեթև արված, հասունացած, հաշվարկված որոշում էր, իսկ պատճառը՝ բանակի լինելիությանն ուղղված իշխանությունների գործողություններն են, ինչի մասին նշվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ. «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

 

Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն քննադատողներին, իրենց հանդեպ հավատքը կորցրածներին, բացահայտ վիրավորողներին խոստացել էր, որ «Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը, որ մեր տան դարպասների մոտ կանգնած թշնամու ոտնձգությունները կասեցնելու են, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Իշխանություններին իր այս ուղերձով Օնիկ Գասպարյանը զգուշացում-մեսիջ էր ուղարկել՝ անզիջում պայքար են մղելու ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սա լուրջ չընդունեցին, և շարունակեցին տարաբնույթ ակցիաներ կազմակերպել ՊՆ-ի դիմաց՝ անհետ կորածների հարցում միայն ԳՇ-ին մեղադրելու, Արցախ արձակուրդ եկած զինվորներին չզորակոչելու, և այլն: Եվ այս ամենի համատեքստում զորամասերում անկարգուկանոն դեպքերը հաճախակիացան, սպաների վարկաբեկումները, ինչը կադրային փորձառու և խիստ զինվորական Օնիկ Գասպարյանը չէր կարող երկար հանդուրժել. Արցախ չզորակոչելը, բնավ, նրա սրտով չէ, զորամասերում բեմադրվող և ստեղծվող ոչկարգուկանոնին նա կտրականապես դեմ է, պատերազմից փախածներին, զինծառայողների, սպաների ճանապարհը կտրողներին պատերազմի օրենքով չպատժելուն՝ ևս:

Օնիկ Գասպարյանը, ով 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագրի վրա է աշխատել, ըստ էության, չէր կարող հանդուրժել առանց իրեն Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան քննարկումները բանակի ապագայի հետ կապված, բանակում կառավարման մոդելի փոփոխման փորձերը:

Այսինքն՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ մի «վտանգավոր ծիծաղի» պատճառով պաշտոնազրկումն ընդամենը առիթ էր՝ իշխանությունների «երեսին շպրտելու» կուտակվածը: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա, մի բան պարզ է՝ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մի կողմում «դնել» Օնիկ Գասպարյանին, իսկ մյուս կողմում՝ իրեն, իր «չարդարացված» վստահությունը, դա այդպես չէ՝ սա երկու իջևանցիների անձնական կռիվ չէ: Սա հանուն բանակի և բանակի դեմ կռիվ է:

Սահմանադրության 14-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Եվ սրան խոչընդոտելը ոչ այլ ինչ է, քան պետությանը դեմ գնալ:

Իսկ ԳՇ հայտարարությունը ո՛չ քաղաքական հայտարարություն է, ո՛չ էլ ռազմական հեղաշրջման փորձ, այլ սահմանադրորեն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կատարելու իրավունքի պայքար, որից այդքան ջղաձգվում է նաև Փաշինյանի գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց համար նորից սպառնալիք առաջանա»:
Իսկ Հայաստանը կարող է ուժեղ բանակ ունենալ, չնայած, որ պատերազմի զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում բանակին, որոնց մեջ փորձառու սպաներ և հրամանատարներ կային: Մենք սովոր ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, այդ թվում՝ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով, ինչի փորձ Օնիկ Գասպարյանն արել է, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Հ.Գ. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, ադրբեջանական բանակի «վերաձևակերպման» շուրջ քննարկումներ են սկսվել. Ադրբեջանի նախագահը, ով դեմ է արտահայտվել Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը, հայտարարել է՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել: Իսկ մենք ջանասիրաբար շարունակում ենք խզել ՊԲ-ՀՀ ԶՈՒ բարակացած կապը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ