09 02 2021

Վարչապետը ամեն մեկի պահանջածին պիտի բավարարի՞․ Կարեն Սարուխանյան․ «Հրապարակ»

Վարչապետը ամեն մեկի պահանջածին պիտի բավարարի՞․ Կարեն Սարուխանյան․ «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։  

«Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ և որոշել, որ արտահերթ ընտրությունների չեն գնում՝ նման հանրային պահանջ չկա։ Իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, որ մարդկանց բավական մեծ հատված իմքայլականների հետ շփումներում պահանջում է չգնալ արտահերթ ընտրությունների։

- Ինչպե՞ս ստուգեցիք հանրային պահանջը, որ հայտարարում եք, թե չկա նման պահանջ։

 

- Շփվելով մարդկանց հետ, խոսելով՝ մենք զգում ենք, որ հանրային պահանջ չկա։ Մի բան էլ․ ժողովուրդը մտահոգություն է տեսնում՝ հնարավոր է նախկինների վերադարձը, որը կտրականապես չի ցանկանում։

- Այսինքն՝ մարդիկ, որոնց հետ շփվել եք, փաստորեն, հասկանում են, որ ձեր վարկանիշն ընկել է, և մտավախություն ունեն, որ ընտրությունների պարագայում կարող եք կորցնե՞լ իշխանությունը։

 

- Չէ, մտածում են, որ նախկինները քանի որ պատրաստ են ամեն ինչի, արտահերթի դեպքում թեկուզ մի տոկոս շանս է լինելու իրենց վերարտադրության համար, դրա համար էլ մարդիկ չեն ուզում ռիսկի գնան։

- Բայց 2018-ին էլ նույն նախկինները մասնակցեցին, ի՞նչ արեցին։ Հիմա եթե վստահ եք ձեր վարկանիշի վրա, արտահերթ ընտրության գնայիք, լիցքաթափեիք մթնոլորտը։

- Ես մթնոլորտ լիցքաթափելու անհրաժեշտություն չեմ տեսնում, ժողովուրդն էլ չի տեսնում, դա ապացուցում է հրապարակներում դուրս եկած քաղաքացիների թիվը։ Դա հստակ ուղենիշ է։

- Դուք մտածում եք, որ Հայաստանում չկան այլ մարդիկ, որոնք այս երկու բևեռներում չեն և դժգոհ են իշխանություններից։ Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ մարդիկ հազար պատճառ ունեն փողոց դուրս չգալու․ որը հոգնել է, որը սգի մեջ է, որը 18-ին դուրս եկավ՝ բան չփոխվեց։

- Առավել ևս, այդ մարդիկ ժամանակ կունենան քաղաքականապես պատրաստվելու, զարգանալու, թիմեր ձևավորելու և պատրաստվելու հերթական ընտրություններին։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Նրա մասին, որ դժգոհության մեծ դոզա կա իշխանության նկատմամբ, որ այս մթնոլորտը պետք է լիցքաթափել, դա գնալով պայթյունավտանգ է դառնալու։

- Ես պայթյունավտանգ, լարված մթնոլորտ չեմ տեսնում։ ՀՀ քաղաքացին շատ հստակ իր դիրքորոշումն ունի՝ գործող վարչապետի և իշխանության կողքին է, մեծամասնությունը։

- Ո՞նց եք պարզել, բոլորի հետ հատ-հատ խոսե՞լ եք։

- Դե, բնական է, մարդիկ կան, որ դեմ են, բայց ես կարծում եմ, որ իրենց հայտարարություններն է կոշտացել, բայց իրենց քանակն այդքան չի ավելացել։ Համենայնդեպս, մեր մարզում ովքեր դեմ էին իշխանությանը, նույն մարդիկ են մնացել, մաքսիմում մեկ-երկու հոգի են ավելացել, դրանք էլ այն մարդիկ են, որոնք իշխանությունների կոռուպցիոն բացահայտումների արդյունքում զրկվել են աշխատանքից կամ չգիտեմ ինչից։

- Ուզում եք ասել, որ հայ ժողովուրդը երազո՞ւմ էր Արցախը կորցնել, այս զարգացումներն իր սրտո՞վ են։

- Դա դրա հետ կապ չունի։ Մարդիկ ուղղակի վստահում են և լիարժեք հավատում են այն ասածներին, ինչ ասում է երկրի վարչապետն ու իր քաղաքական թիմը, որ արվել է մեր կողմից ամեն ինչ։ Մարդիկ ընկալում են և հասկանալով են մոտենում։

- Իսկ կարո՞ղ է էլ ընտրություններ չեք ուզում անել երկրում, մինչև հիմա գիտեինք, որ հանրային պահանջն ընտրություններով են ստուգում, պարզվեց, որ ոչ՝ կարելի է հարցումներ անել, փողոցներում շփվել․․․

- Եթե հիշում եք, իշխանությունն առաջարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքական առումով մեր օպոնենտները խորհրդարանական երկու ֆրակցիաներն են, որոնք ստացել են ժողովրդի ձայնը և գործուղվել ԱԺ։ Բայց մեր առաջարկը չընդունվեց ընդդիմության կողմից։ Հիմա մենք հո չե՞նք գնալու միայնակ ընտրություն անենք վերահաստատելու համար։ Եթե գային համաձայնության, այդ դեպքում կգնայինք։

- Հայաստանում երեք ո՞ւժ կա, մնացածը ոչի՞նչ, որ դժգոհ են։

- Բա մենք ո՞ւմ հետ պետք է բանակցեինք, 17-18, չգիտեմ էլ քանի հոգի հավաքված կաշառակերների՞, նախկին թալանչիների՞։

- Հիմա ԲՀԿ-ն կաշառակե՞ր է, թե՞ կաշառակեր չէ, նա և՛ 17-ի մեջ է, և՛ ձեր բանակցային գործընկերն է։

- ԲՀԿ-ն էլ է եղել իշխանություն, ինքն էլ է կիսում երկրում կատարվածի պատասխանատվությունը։

- Բա ո՞նց էիք բանակցում։

- ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ունի որոշակի ընդդիմադիր ձայներ և այսօր ներկայացնում է ԱԺ-ում ուժ։ Իսկ նրանք ինչո՞ւ չէին ուզում, որովհետև գիտեին, որ եթե ընտրություն ուզեն, նույնիսկ երևի չանցնեն խորհրդարան կամ այսքան պատգամավորներով չանցնեն, որքան հիմա ունեն։

- Ի դեպ, ԲՀԿ-ից հայտարարեցին, որ նոյեմբերի 9-ից հետո արտահերթ ընտրությունների օրակարգ չեն ունեցել։ Շաքե Իսայանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ իրենց պահանջը մեկն էր՝ «երկիրն անշեղորեն պատերազմի և պարտության տարած անձի հրաժարականը» և կառավարության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը։ Այսինքն՝ արտահերթ ընտրությունների առաջարկը եղել է ձերը, մերժումը՝ ևս։ Ինչո՞ւ էիք ընտրություն առաջարկում։

- Իրենք 70 տոկոս ստացած ուժից պահանջում էին վարչապետի հրաժարական, վարչապետը հրաժարական չի տալու, որովհետև հանրային պահանջ չկա, հետո՝ ամեն մեկի պահանջածին պիտի վարչապետը բավարարի՞։ Ժողովուրդը նման պահանջ չունի, ինչի՞ պիտի հրաժարական տա։

- Եթե չկա պահանջ, ինչո՞ւ էր Փաշինյանն արտահերթ ընտրություն առաջարկում։

- Մենք արել ենք, որովհետև պահանջ է եղել ընդդիմադիրների կողմից, որովհետև վարչապետի հրաժարականին պետք է հաջորդեն արտահերթ ընտրությունները։

- Ընդդիմությունն ասում է, որ դուք չպետք է ընտրություն կազմակերպեք, և հետո ասում էին՝ ժամանակավոր կառավարություն՝ նոր արտահերթ։

- Մեզ էլ ժողովուրդն է ասում, որ չգնաք նման քայլի, մեծ ռիսկեր են տեսնում։ Մենք արտահերթ էինք առաջարկում, որ ստեղծված լարվածությունը, որ ստեղծել են 17 ուժերը, որոնց մեջ է նաև ԲՀԿ-ն, թուլացնելու համար, բայց նրանք չեն ուզում, նրանք սովոր չեն, որ ժողովուրդն է ընտրելու իշխանություն, նրանք սովոր են, որ պիտի պարտադրեն, գումար բաժանեն, պիտի որքան ուզեն, էնքան խփեն։

- Փաստորեն, փողոցի հետ հաշվի նստելով էիք առաջարկել արտահերթ, հիմա, երբ հավաքներ չկան, մտքափոխվել եք։

- Այդպես չէ։ Մենք ասում ենք՝ երկու ուժերին մեր կողմից առաջարկ է եղել՝ մասնակցել ընտրություններին, բայց քանի որ մերժել են, հետևաբար, մենք այդ օրակարգից դուրս ենք գալիս և շարժվում ենք վեցամսյա ճանապարհային քարտեզով, որն առաջարկել ենք։ Այնպես չէ, որ 17-ը եսիմինչեր է արել ու հիմա չի անում, և դա մտքափոխել է մեզ։

- Բայց հենց նոր ասացիք, որ ուզում էիք մթնոլորտը լիցքաթափել։

- Տեսեք՝ ինչ էր տեղի ունենում։ Ընդդիմադիրները պարբերաբար կառավարության հրաժարականն են պահանջում։ Մենք էլ ասում ենք՝ հարգելի ժողովուրդ ջան, չենք ընդունում ժամանակավոր կառավարության ձեր պահանջը, եկեք հրաժարականից հետո արտահերթի գնանք։ Իրենք ուզում էին կառավարություն ստեղծվի, և վարչապետ դնեն Վազգեն Մանուկյանին, որը մեր գյումրեցիներին անվանեց բոմժ։ Չգիտեմ էլ կարելի՞ է դրան մարդ անվանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ