«Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքում Հարավային Կովկասում լիովին խախտվեց ուժերի հավասարակշռությունը։ Եվ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց Հարավային Կովկաս։ Հիշենք, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է կազմում դեռևս 2000-ական թվականներից սկսած։
Շվեդական «Nordic Monitor» լրատվականի գաղտնազերծած փաստաթղթերից ժամանակին պարզ դարձավ, թե Թուրքիան Հայաստան ներխուժելու ինչպիսի մանրակրկիտ ծրագրեր է կազմում։ Ուշագրավ է, որ անցած տարվա հունիսին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել էր Հայաստանի դեմ ուղղված թուրքական վտանգի ահագնացման մասին, և որ մեր հակառակորդը այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան:
Սակայն դեպքերի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի կողմից թերագնահատվում է Թուրքիայից եկող սպառնալիքը։ Եվ 2020 թ. ամռանը, երբ Տավուշում ընթանում էին հայ-ադրբեջանական սահմանային բախումները, կամ, ինչպես շատերն են այժմ որակում, «տավուշյան սադրանքները», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ։ Ըստ նրա, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ-ում, այլև աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում։ Դրանից առաջ էլ, այդ ժամանակ էլ շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ զգուշացնում էին, որ ամեն ինչ այդպես չէ, և հետագա իրադարձությունները փաստեցին, որ վերջիններս ճիշտ էին, իսկ Մակունցը (իմա՝ իշխանությունները)՝ սխալ:
Հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո 2020 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժությունների շարք սկսեցին։ Սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես ուղերձ էր հղում հայկական կողմին հետագա իրադարձությունների մասով, սակայն Հայաստանի կողմից դարձյալ ճիշտ չգնահատվեցին Թուրքիայից եկող իրական սպառնալիքի ծավալները, և իրավիճակից բխող գործողություններ չձեռնարկվեցին։ Չնայած կա տեսակետ, որ գուցե լավ էլ ճիշտ էին գնահատել, սակայն... Զորավարժություններից հետո տեսանք, թե ինչպես թուրքական սպառազինությունների և զինուժի մի մասը մնաց Ադրբեջանում։ Եվ սեպտեմբերի 27-ին արդեն Ադրբեջանը թուրքական ուժերի ու նրանց կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Թուրքիայի գործուն ներգրավվածությունը Արցախյան պատերազմում պատշաճ միջազգային հակադարձման չարժանացավ։
Տարբեր քաղաքական հաշվարկներից ելնելով՝ արտաքին քաղաքական ուժային կենտրոններն այդպես էլ Անկարայի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների քաղաքականություն չկիրառեցին։ Եվ սա Անկարայի կողմից գնահատվեց որպես թողտվություն։ Ուստի պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ստորագրումից հետո էլ Թուրքիան կրկին փորձում է հոգեբանական մեծ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Թուրքական ղեկավարությունն այս օրերին պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի, իսկ մյուս կողմից՝ տարբեր ձևերով փորձում է ճնշել Հայաստանին։ Այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 1920 թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում վերջերս գրառում կատարելը կամ մզկիթի վերածված՝ Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարով կիսվելը։
Մյուս կողմից էլ Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնցում հարձակողական սցենարներ են խաղարկվում։ Բացառված չէ, որ զորավարժություններն իրենց շարունակությունն ունենան Թուրքիայի և Ադրբեջանի այլ վայրերում, սակայն այս զորավարժությունների բնույթից և բովանդակությունից արդեն կարելի է ենթադրել, որ Թուրքիան ակնարկում է ներխուժումը դեպի ՀՀ տարածք, և բացառված չէ, որ դա իրականանա վարձկան գրոհայիների միջոցով կամ այլ ձևով։
Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները, քանի դեռ սոսնձված են իրենց աթոռներին, գոնե լուրջ հետևություններ անեն, գոնե չշարունակեն վնաս տալ մեր երկրին ու առանց րոպե անգամ կորցնելու քայլեր նախաձեռնեն երկրի անվտանգության համակարգը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Սակայն ցավալին այն է, որ ՀՀ ղեկավարությունը, գտնվելով բարոյալքված վիճակում, ընդունակ չէ պիտանի, ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի որևէ քայլ ձեռնարկել։ Հուսանք՝ ցանկություն գոնե ունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը