«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարեւ չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին: Իսկ Ալիեւը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո գերի ընկածները դիվերսանտներ են, ոչ թե ռազմագերիներ: Եվ սա մարզպետի լուծելիք հարցը չէ, այլ երկրի ղեկավարության:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Մոսկվայում կարողացավ այս հարցն առաջ տանել, ո՛չ էլ դրանից հետո է կարողանում քայլեր ձեռնարկել: Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում: Լուրեր կան, որ առաջարկ է արվել Մարտուն Գրիգորյանին, Նազելի Բաղդասարյանին, Երկուսն էլ հրաժարվել են: Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է, կառավարության առաջիկա նիստում նա կներկայացվի հանրությանը: Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:
Այն ժամանակ մամուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել եւ ազատվել, որպեսզի իր անունն էլ չշոշափվի: «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատեց իրեն արված առաջարկի մասին լուրերը՝ ասելով, որ իրեն ավելի օգտակար է համարում եւ ճիշտ է գտնում օրենսդիր մարմնում մնալը»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը