«Հրապարակ»-ը գրում է․ «Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի կառավարությունում սկսում են պարգեւավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձալի «պրեմիաներից»։ Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատմամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգեւավճարները կտրեն, հաջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի եւ դուրս կգա փողոց։ Իհարկե, այդ «պրեմիաներն» առավելապես օդ ու ջրի պես պետք են ցածր ու միջին օղակների աշխատակիցներին, որոնք հազիվ 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ հիմնական աշխատանքն իրենք են անում, բայց նրանք, ի տարբերություն իրենց ղեկավարության՝ նախարարներ, փոխնախարարներ, պարգեւատրվում են շատ ավելի քիչ։
Փոխարենը 100 հազարներով ինքնապարգեւատրվում են նախարարներն ու փոխնախարարները, եւ երբ այս թեմայով աղմուկ է բարձրանում, ու որոշ ժամանակով դադարեցնում են «պրեմիաներ» բաժանելը, դարձյալ տուժում են ցածր օղակների աշխատակիցները։ Ինչեւէ, մենք տեղեկացել էինք, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկներում, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգեւավճարների բաժանումը։
Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը։ Մենք հարցում էինք ուղարկել էկոնոմիկայի նախարարություն՝ ճշտելու, թե նախարարության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգեւավճար հատկացվե՞լ է, թե՞ ոչ, ովքե՞ր են ստացել, ի՞նչ չափով եւ ինչի՞ համար։ Հինգ օր անց միայն նախարարությունից մի կերպ պատասխանեցին մեր հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգեւավճար բաժանվել է։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քառասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգեւատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից։ Իսկ հարցին, թե ովքեր են ստացել եւ ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետին եւ 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախատեսված չէ օրենքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը