18 12 2020

Փաշինյանը և Պապիկյանը սուտ են ասում, իրենց ոչինչ չեն վերահսկում․ Սյունիքի նախկին մարզպետ․ «Հրապարակ»

Փաշինյանը և Պապիկյանը սուտ են ասում, իրենց ոչինչ չեն վերահսկում․ Սյունիքի նախկին մարզպետ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ, ճիշտ այն պահին, երբ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ժամանակ վստահեցնում էր, թե «ՀՀ սահմանները, բնականաբար, ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի», թշնամին հերթական ոտնձգությունն էր իրականացնում Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Նրանք մտել էին Կապան ու կապանցիներից պահանջում էին իրենց զիջել օդանավակայանին հարակից որոշ տարածքներ եւ մեզ համար շահեկան մի շարք դիրքեր։ Ու մեկը չկար Հայաստանի բարձր իշխանությունից, որ գնար ու բանակցեր թշնամու հետ, լուծեր այս խնդիրը հօգուտ մեզ։ Ադրբեջանական ուժերը կապանցիներին մեկ օր ժամանակ են տվել՝ այդ դիրքերը զիջելու եւ հետ քաշվելու համար։

 

Ու երեկ մարդիկ արդեն սկսել էին իրենց կառուցածը քանդել, բարձել մեքենաները, որ գոնե հեռանալիս թշնամուն նաեւ շինություններ, նյութական արժեք ներկայացնող կառույցներ չթողնեն։ Իսկ այստեղ, ինչպես մեզ ասացին, դեռ մեկուկես ամիս առաջ լուրջ ֆինանսական ներդրում էր իրականացվել, մեր դիրքերն ամրացրել էին, ինժեներական աշխատանքներ տարել, ու այսօր ստիպված են դրանք քանդել, որ թշնամուն չմնա։ Այնինչ Սուրեն Պապիկյանն այդ նույն պահին կառավարության նիստում գլուխ էր գովում, թե իրենք մշտական կապի մեջ են, մարզպետն աշխատանք է տանում սահմանապահ ծառայության եւ ՊՆ գործընկերների հետ եւ այլն։ Մինչդեռ սյունեցիները երեկ ճարահատյալ ճանապարհ էին փակել ու պահանջում էին խնդրի հայանպաստ կարգավորում, մի կենդանի շունչ էին փնտրում, ով կգար եւ կբանակցեր, հարցը կկարգավորեր։ Կարճ ասած՝ սյունեցիները հայտնվել էին լիակատար անտերության պայմաններում՝ թշնամու դեմ միայնակ։

Կապանի բնակիչ Էրիկ Փարսադանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Կապանում իրարանցում է, տագնապ, բոլորը հիմա գործողություններ են անում՝ մեծից փոքր։ «Մարդիկ շատ խուճապի մեջ են, ոտքի են ելել, ճանապարհ են փակել, որովհետեւ մեզ ժամանակ են տվել, որ մեր Կապանի օդանավակայանից մոտ 60 մետր հեռավորության վրա պիտի գան իրենք։ Ու Կապան քաղաքը դառնում է սահմանամերձ»,- ասաց նա։ Հարցին՝ պետական իշխանությունից որեւէ մեկը կա՞, որ փորձում է խառնվել, բանակցել, խնդրին լուծում տալ։ «Մարզպետն ա եկել, բայց մարզպետը ոչ մի հարց չի կարում կարգավորի։ Մարզպետին էլ խնդրել ենք, որ ինքն իր վերադասին ներկայացնի իրավիճակը, որ Կապանը շատ լուրջ վտանգի մեջ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ու քանի որ գործող իշխանություններից որեւէ մեկը չկա, ումից կարելի է որեւէ բան ճշտել, դիմեցինք նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ խոսեցինք Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից ՊՆ ներկայացուցիչներ են եկել, շրջել են դիրքերում՝ քարտեզներով, եւ փոխանցել են ՊՆ-ի հրամանը, որ պետք է նահանջել դեպի ԽՍՀՄ տարիներին գծված ադմինիստրատիվ սահման։ Իսկ երբ հետաքրքրվել են՝ ո՞վ է Սյունիքի անվտանգության երաշխավորը, պատասխան չի հնչել։

«Ասեմ ավելին․ էդ տեղում, որտեղ էսօր դիրքավորվել են, ծախսվել են ահռելի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներ, մատնանշել են նույն ՊՆ-ի ներկայացուցիչները դեռ մեկուկես ամիս առաջ։ Հարցին՝ կարո՞ղ է էստեղ սարքենք, հետո հետ նահանջենք, պատասխանել են, այդ թվում՝ գեներալներ, որ՝ «մենք մեր ուսադիրները կպոկենք եւ կնետենք աղբամանը։ Հիմա էդ նույն գեներալները եկել են ու առավոտյան հավաքել են աշխարհազորի հրամանատարներին եւ ասել են, որ պետք է նահանջել։ Ժամանակ է տրված մինչեւ դեկտեմբերի 18-ի երեկոյան 5-ը»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը մինչեւ հիմա տեղյակ չէ, թե ինչով են մեկուկես ամիս սնվել այդ նույն խրամատում գտնվող ինքնակազմակերպված ջոկատների անդամները, ինչ են հագած։ «Այդ ամբողջը տեղի է ունեցել սյունեցիների հաշվին, Սյունիքում գործող հիմնարկների միջոցներով։ Այդ նույն միջոցներով այդ դիրքերում, որոնցից այսօր մեզ ստիպում են նահանջել, այնպիսի բլինդաժներ են կառուցել, որ ավիառումբերով չէին կարող էդտեղ ինչ-որ մի բան անել։ Բայց առանց ՊՆ-ի աջակցության, իհարկե, նույն աշխարհազորն էնտեղ երկար չի կարող մարտնչել, եթե ադրբեջանական բանակը վրա տա»,- ասաց Վահե Հակոբյանը։

Բայց ամենակարեւոր հարցն այսօր այն է, թե ով է Սյունիքի անվտանգության երաշխավորը։ Մեր դիտարկմանը, թե Սուրեն Պապիկյանն ասում է, որ ՀՀ սահմաններն ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի, Վահե Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Սուտ է ասում Սուրեն Պապիկյանը։ Էսօր ՊՆ-ի որեւէ ներկայացուցիչ չկա այնտեղ։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսեց, թե վերահսկում են իրավիճակը։ Իրենք ոչինչ չեն վերահսկում, իրենք ունակ չեն վերահսկելու»։ Հարցին, թե ելքն ինչպես է տեսնում, Հակոբյանն ասաց, որ ելքը բանակցողն է, նախեւառաջ պետք է բանիմաց բանակցող լինի, որ հասկանան՝ որտեղ պետք է բուֆերային զոնա լինի, որտեղ՝ չեզոք գոտի։ «Սա Հայկոոպի գարաժի պարիսպը չէ, սա պետության սահմանն է։ Բայց էս իշխանությունն ունակ չէ բանակցելու։ Ասեմ ավելին․ ես էստեղ միտում եմ արդեն տեսնում, միտումնավոր ինչ-որ դիրքեր են հանձնվում՝ առանց որեւէ դիմադրելու փորձի, դիվանագիտական դիմադրության մասին եմ ասում։ Եվ էդ միտումը երեւի կիմանա Փաշինյանը, թե ինչ է ինքը տողատակով ստորագրել Ալիեւի հետ»,- նկատեց Հակոբյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ