15 12 2020

Տե­ղե­կատ­վա­կան տե­ռո­րի «սու­պե­րաստղ» իշ­խա­նու­թյու­նը «մե­դի­ա­տե­ռո­րից» է խո­սում․ «Փաստ»

Տե­ղե­կատ­վա­կան տե­ռո­րի «սու­պե­րաստղ» իշ­խա­նու­թյու­նը «մե­դի­ա­տե­ռո­րից» է խո­սում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում, դրա արդյունքում է, որ հանրությունը շատ զգայուն է Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ։ Իրադրության առանձնահատկությունը նաեւ այնպիսին է, որ շատ հաճախ հակասական տեղեկություններ կարող են շրջանառվել, այդ թվում՝ պետական մարմինների կողմից։ Ավելին՝ վաղուց արդեն հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ եթե այս իշխանությունները ինչ-որ բան հերքում են, ուրեմն այդ հերքվող տեղեկությունը բացարձակ ճշմարտություն է: Այ, այսպիսի կարծիք են ձեւավորել իշխանություններն իրենց հետեւողական ստերի, կեղծ հերքումների եւ հանրության հանդեպ տեղեկատվական տեռոր իրականացնելու արդյունքում:

Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սահմաններին տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, որոնց մասին հանրությանը պատշաճ պարզաբանումներ չեն տրվում: Կեսգիշերին մոտ իրավապահ մարմիններում տագնապ է հայտարարվում, մեծ ուժեր են կենտրոնացվում կառավարության, Ազգային ժողովի եւ կառավարական առանձնատան մոտ, որոնց հետ կապված հրապարակվում են լուսանկարներ: Նիկոլ Փաշինյանին լուսանկարում են նաեւ ՔՊ գրասենյակի մոտ: Իսկ այդ ընթացքում իշխանությունները որեւէ պարզաբանում չեն տալիս, թե ինչ է կատարվում, ինչ պատճառով են այդքան մեծ ուժեր կենտրոնացնում։

Հետո երբ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, ինչ-որ մուննաթախառն հերքումներ են սկսում նետել դաշտ։ Ավելին՝ նիկոլական որոշ պատգամավորներ մեդիատեռորի մասնագետ որոշ սատելիտների հուշմամբ սկսում են բոլորին մեղադրել «մեդիատեռորի» մեջ, ձեռքի հետ ինչ-որ կասկածելի «պահապանների» ու ֆեյքերի ձեռամբ հրապարակ նետելով լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անհրաժեշտության մասին «թեզեր»՝ իբր ժողովրդի ցանկություն ներկայացնելու ակնհայտ դիտավորությամբ:
Իսկ որ այդ ամենը հստակ ուղղորդված էր, ապացուցեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը հաջորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում արդեն անձամբ խոսեց տեղեկատվական ահաբեկչության մասին, երեկ էլ հերթական անգամ նույնիսկ օտարերկրյա գործակալներ սկսեցին աչքին երեւալ։ Իհարկե, տեղեկատվական հոսքերի առումով խնդիրներ կան: Սակայն, մի կողմից՝ անհասկանալի է, թե այդ ի՞նչ մեդիատեռորի մասին է խոսքը, իսկ մյուս կողմից էլ՝ ով, ով, բայց մի՞թե Փաշինյանն իրավունք ունի մեղադրել դրանում ուրիշներին, երբ ինքն ու իր գլխավորած քաղաքական ուժը ոչ միայն այս երկուսուկես տարիներին, այլեւ դրանից շատ առաջ միշտ այդ գործով են զբաղված եղել։

Փաշինյանի՝ խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, առավել եւս գործադիրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու ողջ շրջանում մենք ականատես ենք եղել ահռելի չափերի ստի ու ապատեղեկատվության տարափի: Սրան գումարած՝ այդ ամբողջ ժամանակահատվածում գեներացվել է ատելության եւ թշնամանքի մեծ դոզա, զուգահեռ հրապարակ են նետվել կեղծ օրակարգեր՝ հանրությանը շեղելու նպատակով: Ավելորդ է նույնիսկ խոսել այն մասին, թե ինչպես պատերազմի 44 օրվա ընթացքում իշխանությունները հետեւողականորեն ստերով ու ապատեղեկատվությամբ կերակրեցին հանրությանն ու փափուկ բարձ դրեցին նրանց գլխի տակ՝ թաքցնելով իրերի իրական վիճակը, մինչեւ որ հանրությունը դեմ հանդիման կանգնեց առկա խայտառակության, նվաստացման ու պարտության առջեւ:

Այդ նույն ժամանակահատվածում նույն իշխանություններն ու նրանց սատելիտները «ներսի թշնամիների» մասին էին ակնարկում՝ հավելելով, թե դրանք թուրքից ավելի վատն են, սպառնում էին, թե «սպասեք, դուք դեռ ձեր հալը կտենաք», բղավում էին, թե «թավիշ չի լինելու», ամեն օր զգետնում էին թշնամուն, հօդս էին ցնդեցնում ողջ Ադրբեջանը, զոհերի թիվը հատուկ մշակված «չափաբաժնով» էին ներկայացնում հանրությանը (ինչպես եւ հիմա), իսկ կապիտուլյացիոն խայտառակությունը ստորագրելուց հետո ժամանակին պատերազմը չկանգնեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինչ-որ օլիգարխների մասին, քաղաքացու վրեժի մասին, բախումների բացահայտ կոչեր էր հնչեցնում եւ այլն, եւ այլն: Իսկ հիմա ամբողջ հանրությանը մեդիատեռորի ենթարկած ու մարդկանց ուղեղները հաղթանակի կեղծ կարգախոսներով լվացած իշխանությունները մեղադրում են ուրիշներին։

Ստացվում է հայտնի կարգախոսը՝ «գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»։ Հնարավոր է, որ դրանով իշխանություններն ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել իրենց անգործությունից եւ ապաշնորհությունից, իրենց հեռանալու համաժողովրդական պահանջից, բայց եւ չի բացառում, որ իր սովորության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նոր ճնշումների դաշտ է ապահովում՝ իր ծայրահեղ վտանգավոր հետեւանքներով հանդերձ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ