«Հրապարակ»-ը գրում է
-Սրբազան, Դուք իշխանությունների թիրախը դարձաք այն ժամանակ, երբ մոտ մեկ տարի առաջ մասնակցեցիք Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին եւ ելույթ ունեցաք։ Կմեկնաբանեք, թե ինչպես եղավ եւ ինչ խնդիրներ եք ունեցել Դուք դրանից հետո։
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսին իմ մասնակցությանը և այդ առիթով հնչեցրած խոսքին նախկինում անդրադարձել եմ, թեև տրված պարզաբանումները, կարծես, չեն սպառել առկա հարցադրումները: Այս պատճառով, առիթն օգտագործելով, կփորձեմ առավել մանրամասնել:
ՀՀ երկրորդ նախագահի գրքի շնորհանդեսին ես մասնակցել եմ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից կառանձնացնեի հետևյալները.
Առաջին՝ չափազանց բարձր եմ գնահատում ՀՀ երկրորդ նախագահի վաստակը Հայոց նորօրյա պետականության կերտման, Արցախի ազատագրության և մեր երկրի զարգացման գործում և մեծապես կարևորում եմ ՀՀ երկրորդ նախագահի՝ որպես անհատի և որպես ազգային-պետական գործչի անձնական հատկանիշները՝ հավասարակշռվածությունը, սկզբունքայնությունը, նպատակասլացությունը և աշխատասիրությունը:
Երկրորդ՝ հնարավոր չէ չարձանագրել, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ինչպիսի դրական զարգացումներ տեղ գտան Եկեղեցի-պետություն հարաբերությունների ոլորտում: Խոսքս մասնավորաբար վերաբերում է Սահմանադրության մեջ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակի ամրագրմանը, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի ընդունմանը, հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցապատկան մի շարք կալվածքների վերադարձմանը և Հայ Եկեղեցու պատմություն առարկայի՝ որպես հանրակրթական պարտադիր բաղադրիչ ներդրմանը:
Երրորդ՝ շնորհանդեսին իմ մասնակցությունը չափազանց կարևոր եմ համարել նաև հաշվի առնելով նախագահի անձի շուրջ, հատկապես այդ օրերին, հրահրված ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը:
Բացարձակապես հեռու եմ այն մտքից, որ օրինախախտումների համար որևէ մեկը պետք է զերծ լինի պատասխանատվությունից, սակայն կտրականապես անընդունելի եմ համարում քաղաքական իշխանության կողմից դատախազական գործառույթների իրականացումը՝ առավել ևս հրապարակայնորեն՝ ուղեկցված ապօրինի գործողություններով՝ այդ թվում և անձի արժանապատվության ու հեղինակության վարկաբեկումներով ու զրպարտչական բնույթի տեղեկությունների հանրայնացումով: Իհարկե, այս իրավիճակում թե՛ իբրև անձ և թե՛ իբրև առավել ևս հոգևորական, ես պարտավորված եմ զգում ինձ լինել այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ եմ համարում, հատկապես՝ երբ հրավիրված եմ: Սա նաև ուղերձ է, որ հոգևորականը պարտավոր է գործել բացառապես խղճի համոզումներով՝ առաջնորդված Սուրբ Գրքի և Եկեղեցու սկզբունքներով, ինչը, իհարկե, միշտ չէ, որ համընկնում է ճնշող մեծամասնության կարծիքին: Նույն կերպով միշտ չէ, որ մեծամասնության մեջ Աստծու ձայնն է արձագանքում: Պատահում է նաև, որ բազմության ժխորի մեջ Աստծու ձայնը անլսելի է դառնում:
Ինչ վերաբերում է շնորհանդեսին մասնակցելուց առաջ ունեցած խնդիրներին և իշխանության կողմից թիրախ դառնալուն, ապա դրանց չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ խնդիրներ լինում են միշտ, կյանքի բոլոր պայմաններում և դրանք թերևս վկայություն են նաև այն իրողության, որ տակավին շարունակում ես լինել ողջ: Կարևորն այն է, որ երբեք չտկարանա խնդիրներին դիմակայելու մարդու կամքը:
- Եկեղեցին բավականին փակ կառույց է՝ դեմոկրատացման չտրվող ու պահպանողական։ Հասարակությունը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում եկեղեցու ներսում՝ կա՞ն հոսանքներ, ինչպիսի՞ն են դրանք, քաղաքական կողմնորոշումներ ունե՞ն հոգեւոր հայրերը։
-Նախ կուզեի մասնակիորեն համաձայնել Ձեզ հետ այն հարցում, որ այո՛, Եկեղեցին հավատքի և բարոյականության հարցերում խիստ պահպանողական հաստատություն է: Վերջինիս պատճառները, կարծում եմ, ակնհայտ պիտի լինեն նաև Ձեզ համար՝ այն առումով, որ հավատքը և բարոյականությունը բացարձակ արժեքներ են և չեն կարող փոխվել՝ հարմարեցվելով կյանքի փոփոխական պայմաններին:
Ինչ վերաբերում է Եկեղեցու փակ լինելու և դեմոկրատացման չտրվելու Ձեր հաստատմանը, ապա կարծում եմ, որ Ձեր դիտարկումները ուղղակիորեն ազդված են սոսկ աշխարհիկ բնույթ ունեցող կազմակերպությունների գործունեության գնահատման համար կիրառվող չափորոշիչներից և շրջանցում են կրոնական հաստատությունների բովանդակության և առաքելության առանձնահատկությունները:
Ինչ վերաբերում է Եկեղեցու ներսում գոյություն ունեցող հոսանքներին կամ քաղաքական կողմնորոշում ունենալուն, ապա ես զերծ կմնայի այդպիսի բնորոշումների կիրառությունից՝ նկատի ունենալով դրանց խիստ աշխարհիկ բովանդակությունը: Այսուհանդերձ, սակայն, այնպես, ինչպես հանրային որևէ միջավայրում, նույնպես և Եկեղեցում առկա են մտածողության, կարծիքների, մոտեցումների տարբերություններ, որոնք, սակայն, միավորվում են հավատքի, բարոյականության, հնազանդության և մեր ազգային գերագույն շահի միասնական ըմբռնումներում:
-Պատերազմում պարտությունից եւ կապիտուլյացիոն համաձայնությունից հետո մեր ազգը ծանր հոգեվիճակում է, Ձեր կարծիքով՝ ինչ է պետք անել այս դեպրեսիայից դուրս գալու, հոգեկան հավասարակշռությունը վերագտնելու եւ առաջ գնալու համար։ Այդ գործում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ եկեղեցին եւ արդյո՞ք ի վիճակի է իրականացնել այդ դերակատարումը։ Շատերը կարծում են, որ մեզ ռեսթարտ է հարկավոր եւ դա նախ եւ առաջ նշանակում է՝ իշխանափոխություն, պարտված իշխանությունների հեռացում, ինչպես եք մտածում դուք։ Եկեղեցին հնարավո՞ր է հստակ դիրքորոշում հայտնի այս հարցում եւ քաղաքական փոփոխությունների մասնակից դառնա։
-Հնարավոր չէ չհամաձայնել Ձեր գնահատականի հետ, որ ամենքս գտնվում ենք ծանր հոգեվիճակում: Ողբերգության մեջ, սակայն, պետք է փորձել պահպանել սթափությունը և ամրությունը: Որևէ կերպով չի կարելի թույլ տալ, որ հուսահատությունը առավելություն ստանա լավատեսության նկատմամբ: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր իրադարձություն ունենում է իր պատճառները, հետևաբար՝ պետք է սթափորեն վերլուծել ազգային մեր ողբերգությանը նախորդող քայլերը: Իմ վերլուծություններն ինձ հանգեցրել են այն եզրակացությանը, որ պատճառների զգալի հատվածը կապված է Հայաստանի գործող իշխանությունների, մեղմ ասված, ոչ համարժեք գործողությունների հետ: Հետևաբար, ինչպես քանիցս արտահայտվել եմ, քաղաքական իշխանությունները կամովին պետք է թողնեն ասպարեզը՝ սպառած լինելով առկա մարտահրավերները հաղթահարելու, առավել ևս հաջողությունների հասնելու թե՛ բարոյական և թե՛ հոգեբանական բոլոր պաշարներն ու հնարավորությունները:
Չափազանց մտահոգիչ է, որ այս ողբերգական իրադարձությունների հետևանքով երկրում թանձրացել է ապագայի անորոշությունը, խորացել են երկրի, հետևաբար և սեփական անվտանգության հետ կապված մարդկանց վախերը, հանրության զգալի հատվածում ահագնացել են երկիրը լքելու տրամադրությունները:
Այս վիճակում, կարծում եմ, խիստ անհրաժեշտ է կոնկրետ քայլերով մարդկանց ուղերձներ հղել՝ դաշնակից երկրների հետ հարաբերությունները ավելի խորացնելու և երկրի անվտանգության համակարգը առավել զորացնելու և տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: Առաջին հերթին պետք է, իհարկե, տեսանելի քայլեր իրականացվեն զոհվածների ընտանիքներին և վիրավորներին աջակցելու և ռազմագերիներին օր առաջ ընտանիք վերադարձնելու ուղղությամբ:
Եկեղեցին նշված բոլոր ուղղություններով ծառայություն իրականացրել է թե՛ նախկինում, թե՛ ներկայիս: Եթե երբևէ հնարավոր է մխիթարություն և սփոփանք բերել զավակ կորցրած ծնողին կամ ծնող կորցրած զավակին, ապա դա միայն ու միայն Աստծու նկատմամբ հավատքը զորացնելու, հավիտենական կյանքի նկատմամբ վստահությունը ամրացնելու եկեղեցական քարոզչության շնորհիվ կարող է լինել, իսկ այս ուղղությամբ ինչպես եկեղեցական բարձրագույն իշխանությունը՝ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այնպես և բոլոր հոգևորականները մատուցում են իրենց սպասավորությունը:
-Երկու տարվա ընթացքում քրեական գործեր հարուցվեցին նաեւ հոգեւորականների. Նավասարդ Կճոյանի դեմ, Ձեզ էին հրավիրում էին։ Եկեղեցու դեմ իշխանությունների բացասական վերաբերմունքն այլ դրսեւորումներ էլ ուներ՝ կաթողիկոսին զրկեցին թիկնազորից, հատուկ հանձնաժողով ձեւավորեցին, որպեսզի լրացուցիչ հարկեր դրվեն եկեղեցու վրա, նրա ունեցվածքի գույքագրման մասին էին խոսում։ Եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանվելու նախաձեռնություն սկսվեց։ Սա Դուք ինչի՞ն եք վերագրում՝ իշխանություն ունեցողների անհավատությա՞նը, թե՞ Եկեղեցին եւս նախկին համակարգի մասնիկ համարելուն։
-Ես դժվարանում եմ գնահատել, թե վերջին տարիներին Եկեղեցու դեմ իրականացված քայլերն ինչ շարժառիթներ կարող էին ունենալ, թեև որոշ առումով հակված եմ «ամեն ինչից մի քիչ» սկզբունքով դրանցում տեսնել նաև Ձեր նշածները: Ինչ վերաբերում է ԱԱԾ հրավիրված լինելու եկեղեցականների, այդ թվում նաև ինձ առնչվող պատմությանը, ապա երբեք որևէ մեկին, այդ թվում նաև ինձ, կարգավիճակով պայմանավորված, հակաօրինական արարք թույլ տված լինելու դեպքում ազատված չեմ համարում պատասխանատվությունից: Միաժամանակ, սակայն, անթույլատրելի է, երբ փորձ է արվում արդարադատությունը իրականացնել ըստ նախասիրությունների և ըստ ճաշակի:
Անի Առաքելյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը