03 12 2020

Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք․ տնտեսագետ. «Փաստ»

Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք․ տնտեսագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք պատերազմի մեջ մտանք արդեն իսկ խոր տնտեսական ճգնաժամում: Բացի դրանից, մինչ այդ համաճարակի հետ կապված ճգնաժամի ընթացքում տնտեսությունը մեկ ամսով փակեցինք, ինչը ևս մեծ հարված էր: Իր հերթին նաև համաշխարհային ընդհանուր ճգնաժամային իրավիճակն էլ մեր տնտեսության վրա իր ազդեցությունն էր ունենում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կարեն Ադոնցը: «Պատերազմը ենթադրում է ընթացիկ ծախսեր, մեծ ծախսեր՝ կապված թե՛ անվտանգության, թե՛ սպառազինության հետ: Հիմա նաև բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունենք: Ընդհանուր առմամբ, հարվածը Հայաստանի տնտեսության համար շատ մեծ է: Հարվածը շատ ծանր է, ու այս պայմաններում մտածել, թե ընթացքում կզարգանանք, անիրատեսական է:

Նման բան չի լինելու, որովհետև իրավիճակ է փոխվել, ու նաև թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրումների հետ կապված խնդիր կա: Ընդհանուր վիճակը շարունակում՝ ծանր, ճգնաժամային մնալ, շուկաներն անորոշ վիճակում են: Այս առումով էլ լուրջ հեռանկար չեմ տեսնում, բայց մեկ այլ խնդիր կա. նախկինում մեր տնտեսությունն աշխատում էր մեր ապագա բարեկեցության համար, ինչը, իհարկե, չակերտավոր եմ ասում: Այնուամենայնիվ, տնտեսությունն աշխատում էր, որ լավ ապրեինք, որին զուգահեռ էլ որոշ չափով անվտանգությունը պետք է ապահովվեր: Հիմա տնտեսությունը պետք է զարգանա՝ պարտադիր ապահովելով նախ՝ անվտանգությունը, հետո նոր բարեկեցությունը:

Անվտանգության խնդիրն է մեզ համար կարևոր, որովհետև մեզ պետք է վերականգնվել: Մենք այդ համաձայնագրով հինգ տարի ժամանակ ունենք, ու պետք է ուժեղանալ գոնե այն չափով, որ հինգ տարի հետո նորից այս հիմար վիճակի մեջ չհայտնվենք: Մեզ համար անվտանգության խնդիրներն են առաջնային դարձել, և այդ խնդիրները պետք է լուծի մեր տնտեսությունը, որին ուշադրություն չենք դարձնում»,-ընդգծեց տնտեսագետը: Կարեն Ադոնցի խոսքով, տնտեսություն կառավարելու համար նախ՝ մասնագետ պետք է լինել: «Տնտեսությունը բարդ օրգանիզմ է, առավել ևս՝ այն կառավարելը: Մեզ մոտ կառավարողները միշտ նույն ճանապարհով են գնացել:

 

Այսինքն, նայել են՝ որտեղ ինչ է կատարվում, հարցեր են տվել եվրոպացի, ռուս մասնագետներին, նրանք էլ այդ հարցերին որոշ պատասխաններ են տվել, բացել են օրենքները և այլն: Իսկ խորքային պատկերացում, թե որտե՞ղ ենք տնտեսական առումով, թե մեր ներուժն ի՞նչ վիճակում է, ո՞րն է նպատակը, տեսլականը, մեր ներուժով ինչպե՞ս ենք կապվելու այդ նպատակին, նման պատկերացումներ մեզ մոտ ընդհանրապես չեն եղել: Ես կարծում եմ, որ հիմա տնտեսության կառավարման առումով մենք դեգրադացված վիճակում ենք: Չկան համապատասխան մասնագետներ, ովքեր վերոնշյալը կանեն, ինչը բարդ գործ է:

Այս մարտահրավերների պարագայում նրանք, ովքեր հիմա պետք է կառավարեն տնտեսությունը, ոչ թե ի վիճակի չեն լինելու կառավարել, այլ սևեռվելու են մանր բաների վրա՝ «սա այսպես անենք, նա այնպես անենք» տրամաբանության մեջ: Մենք հիմա, մեծ հաշվով, չունենք ներուժ: Մենք սպառել ենք վարկային ներուժը: Եթե խոսենք պետության ու բանկերի արտաքին պարտավորությունների մասին, ապա դրանք արդեն մոտ 12 միլիարդի կհասնեն, ինչը տնտեսության այս վիճակում աղետալի կլինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ մեզ մոտ դեռ արտարժույթի նկատմամբ պահանջարկը չի փոխվում, և այս առումով որոշակի հավասարակշռություն կա: «Բայց եթե հանկարծ չկարողացանք պահել, տեղի կունենա գնաճ ու կհայտնվենք խայտառակ իրավիճակում»,-հավելեց նա:

Տնտեսագետը նշեց, որ ՀՀ տնտեսության հետպատերազմյան անհապաղ քայլերի աշխատանքային պլան է հրապարակել, որոնք անհրաժեշտաբար պետք է իրականացնել: «Մեր խնդիրն է ունենալ պարիտետ ու լավ տնտեսություն: Բայց խնդիրն այն է, թե այս մարդիկ կարո՞ղ են հասկանալ անհրաժեշտ քայլերը. նախ՝ թող փորձեն հասկանալ: Բայց մենք, մեծ հաշվով, այլընտրանք չունենք, որովհետև մենք այսօր վտանգավոր, շատ ծանր իրավիճակ ունենք, ու ժամանակ չի կարելի կորցնել:

Ես ուղղակի չեմ ուզում շարադրել այդ քայլերի քաղաքականության իմաստը, չեմ ուզում խորանալ նաև այն հարցերի մեջ, թե պետբյուջեն կամ այլ բաղադրիչ ինչպիսին կլինի: Մեր խնդիրն այլ է. կա անվտանգության խնդիր ու կա անվտանգության խնդիրները լուծող ուժ, որը տնտեսությունն է: Այլ տարբերակ չկա: Սա լրջագույն հարց է, մենք ժամանակ չունենք: Եթե նույնը կրկնեցինք, պոպուլիստական բաներ խոսեցինք, խայտառակ ու շատ ավելի վտանգավոր վիճակում կհայտնվենք»,-եզրափակեց տնտեսագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ