«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն է, չեն ցանկանում ասել, թե որքան գումար են փոխանցել ռազմաճակատին՝ Արցախին օգնության համար։
Հիմնադրամից որեւէ թիվ, տվյալ չասացին մեզ՝ հիմնադրամը հաշվետու է միայն դոնորներին, հանրության համար, ինչպես հասկացանք, ասելիք չունեն։ «Էս պահի դրությամբ չենք հրապարակելու ոչ մի տվյալ, հումանիտար օգնությունը, ինչ որ արվում է, հաշվետու ենք դոնորների համար, մնացած մասերով ավելի ուշ հայտարարություն կանենք։ Հիմա ոչինչ չենք հրապարակելու»,- ասաց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Արեւիկ Ավետիսյանը։
Հարցին, թե ինչն է գաղտնի, որ չեն հրապարակում, չէ որ հիմնադրամների հաշվետվողականությունն օրենքի պարտադիր պահանջ է, եւ հանրությունն էլ իրավունք ունի իմանալու, թե ինչի վրա է վարչապետի կինը ծախսում ստացած փողերը։ Ավետիսյանն ասաց․ «Ոչ մի գաղտնի բան չկա, դա միասնական որոշում է հոգաբարձուների անդամների կողմից, հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից եւ մեր դոնորների»։
Իսկ փոխանցե՞լ է գումար, առհասարակ, «Իմ քայլը» հիմնադրամը։ «Հիմա ոչինչ չենք կարող հրապարակել»,- եղավ պատասխանը։
Նշենք, որ մի քանի օր առաջ ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամին, բայց ոչ թե պատերազմական խնդիրների լուծման՝ զենք-զինամթերք գնելու կամ գոնե բանակի մատակարարման ու վիրավորների բուժման համար, այլ COVID-19-ի դեմ պայքարելու։ Արեւիկ Ավետիսյանն այս առումով եւս մեկնաբանություն չուներ, միայն ասաց՝ քովիդի հետ կապված իրենց հաշվետվությունն առկա է՝ սարքավորումներ են գնել, դիմակներ են ներկրել եւ այլն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը