«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի և Արցախի անվտանգության տեսանկյունից ճակատագրական փուլում ենք գտնվում։ Կշեռքի նժարին ուղղակի դրված է հայ ժողովրդի գոյության և կենսագործունեություն ծավալելու իրավունքը։ Դրա համար էլ համայն հայության ողջ ներուժը պետք է ուղղվի հակառակորդին դիմագրավելու և նրա ընթացքը կասեցնելու խնդրի վրա։ Իսկ սա ենթադրում է, որ հանրությունը պետք է համախմբվի և միավորվի մեկ նպատակի շուրջ, իսկ պառակտիչ յուրաքանչյուր գործունեություն դատապարտվի։ Միասնականության և համերաշխության գործոնը մեծ կարևորություն ունի թիկունքի ամրության համար, իսկ հանրության ներսում թշնամանք և ատելություն բորբոքող յուրաքանչյուր քայլ թուլացնում է հասարակության դիմադրողականությունը և մարդկանց ուշադրությունը սևեռում երկրորդական հարցերի վրա։
Առաջին հայացքից տպավորություն էր, թե գիտակցելով պահի կարևորությունը՝ ոչ ոք քայլեր չի իրականացնի Հայաստանի և սփյուռքի հայության համերաշխության ու միասնականության դեմ։ Բայց արի ու տես, որ կան շրջանակներ, որոնք ֆինանսավորում են ստանում արևմտյան հայտնի ուժերից և այս օրերին այնպիսի քայլերի են գնում, որոնք կարող են հանգել դարձյալ հանրության մեջ ատելության և միմյանց հանդեպ անվստահություն սերմանելուն։ Այն, որ մշտապես, իսկ վերջին երկու տարում առավել ցցուն, հավաքականորեն, այսպես կոչված, «սորոսական» շրջանակները հստակ ուղեգծի մեջ լուրջ պառակտումներ են ներարկել հասարակության մեջ, գաղտնիք չէ:
Բայց որ նույնիսկ այսօր կարելի է ներքին օրակարգ բերել առաջին պլան, քիչ է ասել, թե անթույլատրելի է: Կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հեռուն գնացող ծրագրեր ունի, որի հիմքում դրված է իրենց պանթուրքական և նեոօսմանական նպատակների իրականացման մտադրությունը։ Իսկ այս կարգի նպատակների առաջ որպես խոչընդոտ կանգնած է հայ ժողովուրդը։ Ուստի Թուրքիայի և Ադրբեջանի պլանների մեջ են մտնում հայ ժողովրդի տեղահանությունը և ցեղասպանությունը, մի իրողություն, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդն զգացել է իր մաշկի վրա։
Եվ թուրք-ադրբեջանական պլանները ձախողելու հարցում մեծ կարևորություն ունի ոչ միայն Արցախի հայության հերոսական պայքարը, այլև արտաքին ուժերի դերակատարությունը։ Սակայն, որքան էլ տարբեր արտաքին ուժեր փորձեն ներգրավված լինել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, միևնույն է, այս ռեգիոնը գտնվում է հիմնականում Ռուսաստանի ազդեցության գոտում։ Նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիներն են խոստովանում, որ Արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման հարցում ամենից մեծ դերակատարությունը կարող է ունենալ հենց Ռուսաստանը, քանի որ այս երկիրը տարածաշրջանում ունի ամենաշատ լծակները։
Այս տեսանկյունից բոլորովին պատահական չէ, որ մեր հասարակության մեջ ևս գնալով ավելի շատ է արմատավորվում այն մտայնությունը, որ Ռուսաստանի քայլերը մեծ նշանակություն կարող են ունենալ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները սանձելու տեսանկյունից։ Սակայն նշյալ շրջանակներն այս օրերին շարունակում են հստակ հակառուսական քարոզչություն իրականացնել, չնայած նրանցից ոմանք այս օրերին ժամանակավորապես փորձեցին տեղավորվել «ռուսական գծի» մեջ, իսկ ոմանք էլ հայտարարում են, թե իրենք հակառուս չեն ու չեն եղել:
Ընդհանրապես, այս օրերին չափազանց զգույշ պետք է լինել ցանկացած պետության հասցեին որևէ գնահատական հնչեցնելուց, բացառությամբ, իհարկե, թուրք-ադրբեջանական ահաբեկչական երկրներին: Առավել ևս, Ռուսաստանի դեպքում։ Ի վերջո, բոլորի համար էլ հասկանալի է, որ ներկայիս ծանր իրավիճակում հակամարտության խաղաղ կարգավորման գործում Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի դերակատարությունը կարևորում է առավել, քան երբևէ, ինչի մասին խոսել են թե՛ մեր երկրի պաշտոնյաները, թե՛ Արցախի նախագահը՝ Վլադիմիր Պուտինին ուղղված իր հայտնի նամակում, և ոչ միայն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը