25 09 2020

ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արդեն երկու օր է՝ Սահմանադրական դատարանի անդամները չեն կարողանում նախագահ և փոխնախագահ ընտրել: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվեց Երվանդ Խունդկարյանը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ առաջադրեց Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն քվեարկություն այդպես էլ տեղի չունեցավ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը: ՍԴ-ն ունի 9 անդամ, ստացվում է՝ այս կամ այն թեկնածուն պետք է ստանա 6 ձայն, որպեսզի դառնա կառույցի նախագահ, ինչն այնքան էլ իրատեսական չէ: Եվ այդ դեպքում, եթե ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որի ժամանակ նախագահ է դառնում այն անձը, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Եվ չնայած Աշոտ Խաչատրյանը հանեց իր թեկնածությունը, սակայն հարց է՝ ինչպես կդասավորվեն ձայները: Այստեղ ամեն ինչ կախված է Արայիկ Թունյանից և Աշոտ Խաչատրյանից, թե ինչպես կքվեարկեն նրանք:

Ասել է թե՝ Խունդկարյանի ճակատագիրը կախված է այս երկու անձանց քվեարկությունից, իսկ, ահա, ՍԴ մեր աղբյուրները պնդում են, որ Թունյանը և Խաչատրյանը մշտապես անկանխատեսելի են եղել իրենց որոշումներում, ուստի պարզ չէ, թե այսօր ինչպես կքվեարկեն: Եվ չնայած Սահմանադրական դատարանի կազմն արդեն ամբողջական է, և կառույցը պետք է սկսի գործել, սակայն արդեն պարզ է, որ առաջիկայում նոր իրավիճակի և խնդիրների ենք բախվելու: Կանխատեսվում է, որ հետագայում ևս Սահմանադրական դատարանում քննվող յուրաքանչյուր հարցի ժամանակ լարվածություն է ստեղծվելու, և ներկաներից յուրաքանչյուրը փորձելու է ցույց տալ, թե ինքը պրոֆեսիոնալ է, միակ ճշմարիտը, և արդյունքում ականատես ենք լինելու հարցերի վերաբերյալ երկար-բարակ, անբովանդակ քննարկումների»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ