«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակին «լայվերով» «Քաղաքացու հետ զրույցներ» վարող վարչապետը հիմա էլ սկսել է քաղաքացիներին նամակներ գրել, ինչ-որ բացատրություններ տալ։ Լավ է, իհարկե, որ երկրի ղեկավարը հաշվետու է հասարակությանը, սակայն երբ խորանում ես գրառումների բովանդակության մեջ, հաշվետվության տպավորությունը հիմնովին փոխվում է։ Այդ գրառումների հիմնական մասը մեղադրանքներ են, մուննաթ, հոխորտանք, սեփական անսխալականության մեջ համոզվածության արտահայտություններ, անգամ եթե խոսում է սխալներից, ու արտաքուստ թվում է, թե անգամ ընդունում է իր սխալները։ Երեկվա գրառումը, օրինակ, այն մասին էր, որ «իմ սխալն ավելի ճիշտ է, քան ձեր ճշմարտությունը», որովհետև ես, իմ բոլոր սխալներով հանդերձ, հաջողության եմ հասել, իսկ դուք՝ ոչ։
Հերթական անգամ 2018-ի իրադարձությունները սեփականաշնորհելու, այն գերագնահատելու, կատարվածի ազդեցությունից ու տիրույթից դուրս չգալու մասին էր խոսում այդ գրառումը։ Այն մասին, որ երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները։ Այն մասին, որ նա շարունակ հետ է նայում և վերլուծում իր անցած ուղին՝ առաջ նայելու փոխարեն։ Նաև այն մասին, որ ինչ-որ մարդկանց մեղադրանքներն ու կարծիքները մի կողմից այնքան կարևոր են, որ խանգարում են կենտրոնանալ վարչապետի աշխատանքի վրա, մյուս կողմից՝ անընդհատ այդ մարդկանց արձագանքելու, շշպռելու պահանջ ունի մարդը։
Եվ վերջապես այն մասին, որ նա չի դադարում գլխավոր խմբագիր և ընդդիմադիր գործիչ լինելուց, որը կենսական պահանջ ունի մշտապես մեկին թիրախավորելու և իր նեգատիվ հույզերը նրա վրա տեղափոխելու։ Այդ թիրախը մե՛կ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, մե՛կ Հրայր Թովմասյանը, մե՛կ Գագիկ Ծառուկյանը, մե՛կ Արթուր Վանեցյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը