12 09 2020

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, նշել էր, թե 2020 թվականի հուլիսի դրությամբ հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ: «2019-ի համեմատությամբ դա ավելի է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով, այսինքն՝ 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թվականի հուլիսին: Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերը, այսինքն՝ այն աշխատավարձը, որ համախառն ստացել են բոլոր աշխատողները, այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով կամ 8.3 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին, և մեկ մարդու միջին աշխատավարձն ավելի է 13 հազար 841 դրամով կամ 7.14 տոկոսով»,-նշել էր Փաշինյանը:

Միևնույն ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ աշխատանք փնտրողների թիվը 2020 թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5 %-ով ավելի է 2019 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5387 մարդով կամ 6.5 %-ով ավելի է 2018 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020 թ. հուլիսի դրությամբ կազմել է 60 հազար 126 մարդ, ինչը 3117 մարդով կամ 4.9 %-ով պակաս է 2019 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 7951 մարդով կամ 11.7 %-ով պակաս է 2018 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ստացվում է՝ Հայաստանում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, սակայն 88 հազար 196 մարդ աշխատանք է փնտրում, 60 հազար 126 մարդ էլ գործազուրկ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ