«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ասմունքող մեքենան անցնում է մեր փողոցով՝ շրջակայքը թնդում է բարձրախոսից հնչող ձայնից։ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա՝ բարձրաձայնում է երիտասարդը։ Եվ այսպես օրեր շարունակ։ Երեկ անգամ անժամկետ հացադուլ հայտարարվեց՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։ Խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն են միացել այս պահանջին։
Հանրությունը, զարմանալիորեն, հանգիստ վերաբերվեց, օրինակ, կորոնավիրուսի համաճարակի արդյունքում արձանագրված հազարից ավելի զոհերին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը չպահանջեց։ Իսկ կրթական բարեփոխումները «չներեց»։ Արայիկ Հարությունյանը նույնացվեց այդ բարեփոխումների հետ, և դրանք դիտվեցին որպես մեր ազգի, ազգային նկարագրի դեմ ուղղված քայլեր, որոնք պետք է մերժվեն՝ մերժելով նաև դրանք առաջ մղողին՝ ԿԳՄՍ նախարարին։
Պարզվեց՝ կրթությունը, ազգային դաստիարակությունը մեր աքիլեսյան գարշապարն են, մեր թուլությունը, մեր խոցելի կետը, մեր նյարդը, որին դիպչողը չի ներվում։ Մարդիկ անհանգստացած են՝ հայ գրականությունից «հայ» բառն է հանվում, Հայոց եկեղեցու պատմությունն են հանում, Հայ ժողովրդի պատմության դասավանդման սկզբունքներն են փոխում, փորձում են ցածր դասարաններում սեռական դաստիարակության տարրեր մտցնել, խոսում են երեխայի կողմից իր սեռը որոշելու իրավունքից և այլն։ Այս ամենի մեջ մարդիկ վտանգ են տեսնում՝ մեր արմատներին, մեր պատմությանը, մեր ազգային ինքնագիտակցությանն ուղղված վտանգ, որի դեմը պետք է առնել։ Այնպես, ինչպես մեր սահմաններին մոտեցող թշնամու դեմն ենք առնում։ Որովհետև հայ մանուկը, մեր ժողովրդի մեծամասնության կարծիքով, տարբերվում է աշխարհի բոլոր մանուկներից՝ նա պետք է հայեցի կրթություն ստանա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը