«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք հունիսի 7-ի երեկոյան գրել էինք․ «Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք»։ Օրեր անց տեղեկանում ենք կատարվածի մանրամասներից։ Հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի», պարզվում է, այնքան է զայրացրել վարչապետին, որ նա հենց այդ օրը հրահանգ է իջեցրել՝ «փակել Ծառուկյանի օդերը» եւ պետական մեքենան գործի դնել նրա դեմ՝ քրեական գործ հարուցվեց Ծառուկյանի եւ նրա մերձավորների նկատմամբ, մի շաբաթ անց ԱԱԾ-ն գնաց խուզարկության, ԱԺ-ն նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Բայց այդ որոշումները կայացնելիս Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները եւ կսրբի-կտանի ամեն ինչ։ Ու, բնականաբար, առաջինը կշարժվեն դեպի կառավարական առանձնատներ, ուստի ներսից ուժեղացրել է պաշտպանությունը, եւ բոլոր ռազմականացված կառույցներին հրահանգ է իջեցվել՝ կազմ ու պատրաստ լինել։ Բայց երբ Ծառուկյանի կալանքի քննության ժամանակ պարզվել է, որ հազիվ մի քանի հարյուր մարդ է հավաքվում՝ ի պաշտպանություն Ծառուկյանի, իսկական ցնծություն է տիրել իշխանական թիմում։ Տառացիորեն նշել են իրենց հաղթանակը եւ եզրակացրել, որ սրանից հետո իրենք ինչ էլ անեն, ժողովուրդը փողոց դուրս չի գա, եւ իշխանափոխության վտանգ չկա»։