168.am-ը գրում է․ «Կորոնավիրուսով վարակակիրներին հյուրանոցներում մեկուսացնելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մեկ անձից իրականացրել է մի շարք գնումներ տարբեր հյուրանոցային համալիրներից.
Եվ այսպես՝ հունիսի 24-ին նախարարարությունն իրականացրել է 21 միլիոն 887 հազար դրամի գնում՝ Արմենիա Հյուրանոցային Համալիրից՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման նպատակով:
Նույն հյուրանոցից Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է ևս մեկ գնում՝ 38 միլիոն 304 հազար դրամով. գնման նպատակը նույնն է՝ հյուրանոցային ծառայությունների մատուցում։
Հունիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ևս մեկ գնում արդեն
Թուֆենկյան Հոսփիթալիթի-ՍՊԸ-ից՝ 19 միլիոն 460 հազար դրամով և 16 միլիոն 265 հազար դրամի սահմաններում։
Հունիսի 22-ին՝ 23 միլիոն 175 հազար դրամ արժեքով գնում է իրականացրել արդեն Ռէժինե ՍՊԸ-ից՝ գնման նպատակը նույնն է՝ Covid 19-ի դեմ պայքարում հյուրանոցային ծառայությունների մատուցում։
Վալենսիա հյուրանոցային համալիրից իրականացրել է գնում՝ արժեքը՝ 21 միլիոն դրամ։
Սոչի Պալաս հյուրանոցից հունիսի 17-ին Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 4 միլիոն 311 հազար դրամի՝ առանց սննդի, իսկ Ռիչմայնդ ՍՊԸ-ից՝ արդեն 2 միլիոն 187 հազար դրամի գնում՝ դարձյալ նույն նպատակի համար։
Վերածնունդ Հայրապետյան-ՍՊԸ-ից կատարվել է 5 միլիոն 532 հազար դրամի գնում։
Նշենք, որ բոլոր գնումներն իրականացվել են Կառավարության Գնումների գործընթաց կազմակերպելու մասին թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23 կետի 5-րդ կետի համաձայն. որը սահմանում է՝ գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով:
Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով:
Հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակակիրների մեկուսացման համար հյուրանոցների մի մասը վճարվում է, իսկ մի մասը տարածքը տվել է անհատույց՝ միայն կոմունալ վճարները վճարելու պայմանով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը