18 06 2020

Թեստավորման համար ԱՆ-ն համագործակցում է միայն 1 մասնավոր՝ «Աստղիկ» ԲԿ հետ․ 168.am

Թեստավորման համար ԱՆ-ն համագործակցում է միայն 1 մասնավոր՝ «Աստղիկ» ԲԿ հետ․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ն օրեր առաջ գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե ո՞ր լաբորատորիաների հետ է համագործակցում նախարարությունը, որո՞նք են պետական, որո՞նք՝ մասնավոր, և մասնավորներից որո՞նք են կորոնավիրուսի անվճար թեստավորում իրականացնում:

 

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 17-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստավորման հետազոտություններն իրականացվում են միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկի ցուցումով և անվճար հիմունքներով: Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը մեր հարցմանն ի պատասխան՝ գրել է.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի նկատմամբ պետական պատվերի շրջանակներում (անվճար) թեստավորում իրականացվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ազգային ռեֆերենս լաբորատորիայում, ինչպես նաև ՀՎԿԱԿ-ի «Սյունիք», «Շիրակ» և «Լոռի» մարզային մասնաճյուղերի լաբորատորիաներում, ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լաբորատորիայում, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լաբորատորիայում, ինչպես նաև «Աստղիկ» մասնավոր բժշկական կենտրոնի լաբորատորիայում»:

Պատասխանից պարզ է դառնում, որ  ԱՆ-ն կորոնավիրուսի անվճար թեստավորման համար միայն մեկ մասնավոր բժշկական կենտրոնի՝ «Աստղիկ» ԲԿ-ի հետ է համագործակցում, որի անունն էլ կապվում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Մեր մյուս հարցին, թե թեստերի քանի՞ տոկոսն է իրականացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, և քանի՞սը՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, պատասխանել են.

«Մայիսի վիճակագրական տվյալներից ելնելով` ՀՎԿԱԿ-ի և վերջինիս մարզային մասնաճյուղերի լաբորատորիաներում իրականացվել է կատարված թեստերի ընդհանուր թվի շուրջ 62%-ը, նույն ժամանակահատվածի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լաբորատորիայի կողմից` թեստերի ընդհանուր թվի շուրջ 11,5%-ը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ