«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարման ճգնաժամը պոզով-պոչով չի լինում, այլ հենց այսպես, երբ անհասկանալի նշանակումները եւ խորհրդավոր հրաժարականները հաջորդում են միմյանց։ Երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ ամենացածր օղակները, գրիչը ձեռքներին, պատրաստ են ամեն րոպե դիմում գրել-ազատվել, իսկ նրանց վերադասը կարող է ամենաչնչին պատրվակներով նրանց ազատել։ Ընդ որում, գրեթե միշտ՝ ոչ թե պաշտոնից բխող պարտականությունների մեջ թերանալու, այլ բոլորովին այլ պատճառներով։ Մաքսային ծառայողը դրոշը լավ չի խնամել, Գլխավոր շտաբի պետը որդու հարսանիքն է արել, ՊԵԿ նախագահը զինվորի նման չի ենթարկվել եւ պրոֆեսիոնալ կադրին՝ վարչապետի հրահանգով, չի ազատել պաշտոնից եւ այլն, եւ այլն։
Իսկ այս ամենի ենթատեքստում այն նյարդային վիճակն է, որի մեջ հայտնվել է երկրի առաջին դեմքն ու իր ղեկավարած կառավարությունը, որն ամեն օր արձանագրում է, որ գլուխ չի հանում անմիջական պարտականություններից։ Եվ գլխավոր խնդիրը, որն այսօր ծառացած է իրենց առաջ՝ հանրային առողջության պահպանումն ու համաճարակի դեմ արդյունավետ պայքարը ձախողել են՝ վտանգելով մարդկանց կյանքեր, հասարակության բնականոն գործունեություն։
Ու այս փուլում, երբ մարդիկ սպասում են, որ իշխանությունը հետեւություններ կանի իր իսկ ձախողումներից՝ կսկսի տիրապետել իրավիճակը, առնվազն՝ կհեռացնի համաճարակի այսչափ տարածման գլխավոր մեղավորներին, ինչպիսիք առողջապահության նախարարն ու պարետն են, նա աշխատանքից ազատում է ուժայինների ղեկավարներին։ Դրանով իսկ ապացուցելով, որ այսօր մի վտանգ ու մի խնդիր կա իրենց առջեւ ծառացած՝ իշխանությունը պահելու, քաղաքական հակառակորդներին հաղթելու եւ աթոռներին միտված վտանգները չեզոքացնելու խնդիրը, որն էլ լուծվում է հնազանդ-հավատարիմներին բարձր պաշտոնների նշանակելով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը