168.am-ը գրում է․ «Առանց հիմքերի տնտեսությունը բացեցինք ու ամբողջ երկիրը դրեցինք հարվածի տակ։ Երբ համավարակի տարածման տեմպն ահագնանում էր, կառավարությունը որոշեց թուլացնել սահմանափակումներն, իբր թե տնտեսության վնասները հնարավորինս նվազեցնելու համար։ Արդյունքում՝ այսօր կանգնել ենք ավելի ծանր խնդրի առաջ։
Ոչ միայն տնտեսության ռիսկերն են ավելացել, այլև վտանգված է բնակչության անվտանգությունը։ Առողջապահական համակարգը կոլապսի է մատնվել։ Այլևս ի վիճակի չէ սպասարկել կորոնավիրուսով վարակված հիվանդներին։ Մարդիկ անօգնական մնացել են տանը։ Հիվանդանոցներում տեղ չկա։ Այն դեպքում, երբ համավարակը շարունակում է տարածվել։ Վարակվածների թիվը գնալով նոր ռեկորդներ է սահմանում։
Համավարակի տարածումը և բնակչությանը սպառնացող վտանգները ստիպում են կրկին մտածել համատարած արգելափակման մասին։
«Առողջահության համակարգը մեր առաջ ամեն օր նոր խնդիր է դնում՝ գնալ համընդհանուր սահմանափակումների։ Բայց խնդիրն այն է, որ մենք այդ սահմանափակումների շրջանը տեսել ենք, տեսել ենք, որ դա բերում է շատ լուրջ, գրեթե աղետալի տնտեսական, սոցիալական հետևանքների։ Մենք ըստ էության 100 մլրդ դրամի տնտեսական ու սոցիալական աջակցության հնարավորություններ ենք ստեղծել նախորդ շրջանում, բայց նաև պետք է հասկանանք, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չեն։ Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական իրավիճակի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Համատարած արգելափակումն իսկապես կարող է անդառնալի վնասներ հասցնել տնտեսությանը։ Բայց այդ մասին ժամանակին էր պետք մտածել, և ոչ թե՝ հիմա, երբ վտանգված է ոչ միայն՝ տնտեսությունը, այլև՝ բնակչության անվտանգությունը։ Այսօր արդեն շատ ուշ է տնտեսության վնասների մասին մտածելու համար։ Այսօր արդեն կան շատ ավելի հրատապ խնդիրներ՝ մարդկանց առողջության հետ կապված։
Տնտեսության վնասերի մասին մտածողը ժամանակին անհրաժեշտ քայլերը կաներ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Գրեթե 1 ամիս տնտեսությունը փակվեց։ Բայց աննպատակ ու անարդյունք։ Ո՞րն էր դրա իմաստը, եթե պիտի ոչինչ չարվեր այդ ընթացքում համավարակի դեմն առնելու համար։
Հետո պիտի կառավարությունն արդարանար, թե այդ ժամանակն օգտագործվել է առողջապահական համակարգը համավարակին նախապատրաստելու, ցնցումների չենթարկելու համար։
Եվ ո՞րն էր այդ աշխատանքի արդյունքը։ Այն, որ այսօր մարդիկ մնացել են տանն անօգնական վիճակում, իսկ հիվանդանոցներում ազատ տեղ չկա՝ նույնիսկ ծանր վիճակում գտնվող վարակակիրներին ընդունելու համար։
Այդպես էլ կառավարությունում չհասկացան, որ ոչ թե առողջապահության համակարգը պիտի պատրաստվեր հիվանդներին ընդունելու, այլ պետք է այնպես արվեր, որ վարակվածների թիվը հնարավորինս քիչ լիներ։ Պատճառը վերացնելու փոխարեն՝ ընկել էին հետևանքների հետևից։
Հիմա էլ տնտեսության վնասների մասին են խոսում։ Պարզ չէ, որ քանի դեռ չենք կարողանում կառավարել համավարակը, քանի դեռ այն շարունակում է մոլեգնել ամբողջ երկրով մեկ, քանի դեռ վարակվողներն ավելի շատ են, քան բուժվողները, տնտեսության վնասներն ավելի ու ավելի շատ են լինելու։
Ինչքան երկար ձգվի այս պրոցեսը, այնքան ավելանալու են նաև վնասները, եթե անգամ կրկին համընդհանուր սահմանափակումներ չկիրառվեն տնտեսության մեջ։
Մի շարք երկրներ արդեն պատրաստվում են սահմանները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, իսկ մենք հայտնվել ենք նրանց «սև ցուցակում»։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը վարակվածների ցուցանիշով դարձել է առաջատար երկիր։ Մինչդեռ մեր անմիջական հարևանը՝ ի դեմս Վրաստանի, ճանաչվում է համավարակից հետո աշխարհի զբոսաշրջային հիմնական ուղղություններից մեկը։
Պարզ չէ՞, որ այդ պարագայում ավելի քիչ են լինելու նաև Վրաստանի զբոսաշրջային ոլորտի վնասները, քան մերը։ Չի փրկի նաև ներքին զբոսաշրջությունը, որի հետ կառավարությունը հերթական չարդարացված հույսերն է կապում։
«Հայաստանում ներքին զբոսաշրջության շատ մեծ պոտենցիալ կա: Նախորդ տարի 41 տոկոս աճ ենք ունեցել: Դժգոհ չենք լինի, եթե այս տարի 150 տոկոս աճ ունենանք: Պարզապես պետք է հակահամաճարակային իրավիճակը շատ խիստ վերահսկվի»,- ասում է վարչապետը։
Հակահամաճարակային անվերահսկելի իրավիճակը, որին ականատես ենք լինում 3 ամիս շարունակ, կոտրել է ոչ միայն զբոսաշրջության, այլև ամբողջ տնտեսության մեջքը։ Իշխանությունների անլուրջ մոտեցման հետևանքով համավարակից տնտեսության վնասներն այսօր շատ ավելին են, քան կարող էին լինել։ Օրական մի քանի հարյուր տնտեսվարողի գործունեություն է դադարեցվում։ Դրա վնասները հավանաբար ոչ մեկը չի հաշվում։ Բայց այդ վնասները կան ու շարունակելու են լինել այնքան ժամանակ, քանի դեռ վարակի տարածման տեմպերն այսպիսին են։
Տնտեսության վնասների մասին մտածող կառավարությունը, վարակի դեմ պայքարելու իր անկարողությամբ՝ ավելի մեծ վնասներ է տվել տնտեսությանը։ Ի՞նչ եք կարծում, այսպիսի իրավիճակում որևէ մեկը կմտածի՞ գալ և ներդրումներ անել Հայաստանում, երբ կառավարությունն ի վիճակի չէ ապահովել սեփական բնակչության անվտանգությունը։
Հայաստանի տնտեսությունն իսկապես հայտնվել է ծանրագույն վիճակում։ Ու դրա մեղավոր ոչ միայն ճգնաժամն է, այլև կառավարությունը, որը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու տնտեսությունն այսպիսի սթրեսի ենթարկելուց, բայց չկարողացավ օգտվել դրանից։
Դա քիչ էր, հիմա էլ պատրաստվում է նոր ծանրություն դնել տնտեսության վրա։ Խոսքն ինչպես գազի գնի սպասվող բարձրացման, այնպես էլ՝ հարկային բեռի ավելացման մասին է։
Լավ, ինչքա՞ն կարելի է անպատասխանատու լինել՝ ճգնաժամի պայմաններում մտածելու տնտեսության վրա ֆինանսական ճնշումը մեծացնելու մասին։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ մտածում են տնտեսության բեռը թեթևացնելու, հարկերից ազատելու, ֆինանսական օժանդակություն ցույց տալու մասին, իսկ մենք գնում ենք վնասելու, քանդելու, ջարդել-փշրելու, խնդիրներ ստեղծելու, սնանկացնելու ճանապարհով։
Պարզ չէ՞, որ այդքանից հետո տնտեսությունը պիտի ավելի վատ վիճակում հայտնվի, քան կարող էր հայտնվել միայն համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների հետևանքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը