«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում նախատեսված փոփոխությունները վերջին շրջանում նոր զարգացումներ են ապրում։ Օրերս, պայմանավորված երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով, իշխանությունները ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից ազատվելու և նրանց յուրայիններով փոխարինելու՝ իրենց համար կենաց-մահու խնդիր դարձած հարցի՝ խորհրդարանական եղանակով կարգավորմանը։
Մինչ այդ դիմել են Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջինս իր մասնագիտական ու հեղինակավոր կարծիքը ներկայացնի «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ»։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններ կան, որ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը կարող է ստացվել միայն հունիսի կեսերին. հենց այդքան ժամանակ ունեն իշխանություններն իրենց հետագա գործողությունների պլանը կարգավորելու և անելիքները հստակեցնելու համար: Ըստ այդմ, ներկայումս իշխանությունները ձեռնամուխ են եղել թեմայի հետ կապված բոլոր իրավակարգավորումներում վերջնական հստակեցում մտցնելուն։ Ներկա փուլում փորձում են անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստել, որպեսզի Վենետիկի հանձնաժողովի պատասխանից հետո ժամանակ չկորցնեն։
Թեպետ, շատ մասնագետներ տարակուսում են, որ եզրակացությանը չսպասելով՝ իշխանություններն արդեն առաջին ընթերցմամբ «անցկացրին» հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը: Ի դեպ, թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ նախատեսում են ընդունել մինչև հունիսի 10-ը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը