22 05 2020

Անմեղսունակների ցինիզմը․ «Հրապարակ»

Անմեղսունակների ցինիզմը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ցինիզմի չափաբաժինն այնքան է ավելացել մթնոլորտում, որ հասարակությունն արդեն ընդվզում է դրա դեմ։ Այն, ինչ առաջ կներվեր ու կմարսվեր, հիմա լուրջ հակազդեցության է արժանանում։ Ինչ-որ մի անհատ օգտատիրոջ տգեղ որակումները մայրացած կնոջ հասցեին իսկական փոթորիկ են առաջացնում սոցցանցերում, եւ բուռն զայրույթի ալիք է բարձրանում։ Հաջորդ օրը մի անզգույշ կատակ է անում առողջապահության նախարարը եւ դառնում իսկական թիրախ՝ վրդովված օգտատերերի համար։ Նա համարձակվել է հեգնել ու կատակել կորոնավիրուսի թեմայով եւ Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու առաջարկին ի պատասխան գրել է, թե առողջապահության նախարարի ինչ տարբերակներ կառաջարկեր ԱԱԾ նախկին տնօրենը։

Թողնենք այն, որ ժամանակին Վանեցյանի բարեւին արժանանալու համար Արսեն Թորոսյանը պատրաստ էր ոտքի վրա մի քանի ժամ սպասել։ Եվ այն, որ պաշտոն զբաղեցնող մարդու առաջ երկատվում են, իսկ պաշտոնից հեռացած անձի նկատմամբ առյուծ կտրում ու ծաղրում, արդեն խոսում է փոքր հոգու եւ ցածր բարոյականության մասին։ Բայց իբր ծաղրանքով առաջարկած նախարարի իր թեկնածուներից ինքն ինչո՞վ է առավել։ Բժշկական ոլորտում ի՞նչ հայտնագործություններ է արել, որ, ասենք, մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը չի արել։ Քանի՞ շենք-շինություն է կառուցել, որ ծաղրում է տասնյակ մարզադաշտեր կառուցած Ռուբեն Հայրապետյանին։ Անգամ Վստրեչի Ապերի հետ համեմատությունները կարող են իր օգտին չլինել, եթե հաշվի առնենք, որ քրեական աշխարհում թասիբի ու հավատարմության, տված խոսքը պահելու, մարդկանց հասնելու կանոններ կան։ Մի երկրում, որտեղ կորոնավիրուսը մղոնանոց քայլերով առաջ է շարժվում, նման անմեղսունակ իշխանություն ունենալն ուղղակի կատաստրոֆա է եւ ազգային անվտանգության լուրջ խնդիր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ