20 05 2020

Վերադարձ հին տարբերակին․ ՍԴ հարցով իշխանության վերջնական որոշումը․ «Ժողովուրդ»

Վերադարձ հին տարբերակին․ ՍԴ հարցով իշխանության վերջնական որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որեւէ ձեւով խորհրդարանում լուծելու տարբերակը, եւ այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որեւէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն:

Չնայած դրան, կար դրույթ, որով էլ արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո, այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում՝ քվեարկության միջոցով:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, սակայն նա նշեց. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող: Հրապարակման ենթակա նորություն լինելու պարագայում, անպայման կտեղեկացնեմ»:

Նշենք, որ ի սկզբանե, մինչեւ հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը եւս  քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ