19 05 2020

Իշխանությունն ընտրեց սխալ ուղին․ «Հրապարակ»

Իշխանությունն ընտրեց սխալ ուղին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երկու տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հասկանալ, որ կադրային խնդիրն ամենալուրջ խնդիրն է։ Ասում է՝ կան շատ ազնիվ կադրեր՝ զրո պրոֆեսիոնալիզմով, եւ կան կադրեր, որ ազնիվ չեն, բայց պրոֆեսիոնալ են։ Եվ իր կադրային քաղաքականությունը քննադատողներին առաջարկում է կադրերի ցանկ տրամադրել իրեն։ Բայց 2018-ի ամռանը դեռ մենք զգուշացնում էինք, որ չի կարելի կադրային ջարդ անել եւ մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանել։ Որ մեր ազգի ռեսուրսը շատ փոքր է, եւ այն հարկավոր է ամբողջությամբ օգտագործել։

Սխալ է մարդկանց պաշտոններ տալ միայն այն արժանիքի համար, որ քեզ հետ քայլել են կամ փողոց փակել։ Առհասարակ՝ կառավարման համակարգում անփորձ, գիտելիքներ ու աշխատանքային հմտություններ չունեցող մարդկանց նշանակելը հղի է բազում վտանգներով։ Քանզի ազնվությամբ աչքի ընկած անձինք կարող են գայթակղվել, չդիմանալ փորձություններին, եւ արդյունքում կունենանք ձախողված աշխատանք եւ կոռուպցիա՝ միասին վերցրած։

Այսինքն, «ազնիվ, բայց ոչ պրոֆեսիոնալ» բնորոշումը շատ հարաբերական է։ Ի՞նչ էինք մենք առաջարկում 2018-ի ամռանը․ ասում էինք, որ պետք է փոխել երկրում տիրող մթնոլորտը, հրահանգը, աշխատաոճը, փոխհարաբերությունները։ Հեղափոխության բերած ոգեւորությունը, հանրային դժգոհությունից վախը պետք է օգտագործել ի շահ ժողովրդի։ Պետք է ասել․ «Գիծ ենք քաշում անցյալի ու ապագայի միջեւ եւ սկսում ենք ապրել նորովի»։ Ոչ մեկին այլեւս չենք մերժում, չենք դատում, չենք պատժում, աշխատանքից չենք ազատում։ Բոլորը մեր երկրի քաղաքացիներն են՝ պետք է աշխատեն հօգուտ պետության, բայց պետք է աշխատեն նորովի՝ մոռանալով անցյալի ավանդույթները։ Մեծ համաներում ենք հայտարարում, որ հանրային համերաշխությունը եւ կառուցողական մթնոլորտը վերականգնենք երկրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ