08 05 2020

Բանակցային առումով գտնվում ենք 1994թ․ փուլում․ Դավիթ Բաբայան․ «Հրապարակ»

Բանակցային առումով գտնվում ենք 1994թ․ փուլում․ Դավիթ Բաբայան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպե՞ս են պաշտոնական Ստեփանակերտում ընդունել վարչապետի նախօրեին հայտնած լուրն առ այն, որ, փաստորեն, բանակցությունները վերսկսվել են, մինչդեռ նրա խոստումն այդպես էլ անկատար է մնացել, եւ Արցախը չի մասնակցում բանակցային պրոցեսին։ Դեռեւս գործող նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ջանքեր չխնայեց՝ խույս տալու բուն պատասխանից՝ ասելով, թե կարեւորը ոչ այնքան մարտավարական հնարքներն են, որքան ռազմավարությունը, որին պետք է հավատարիմ մնա ցանկացած իշխանություն, որ կբանակցի այս հարցով։ «Պետք է միանշանակ հասկանալ, որ չի կարող լինել Արցախի համար վերադարձ անցյալին՝ թե՛ կարգավիճակի, թե՛ սահմանների հարցում։ Իսկ Արցախի անվտանգությունը պետք է լինի այնպիսին, որ մենք կարողանանք սեփական ուժերով պահպանենք, ինչպես որ հիմա է։ Եվ, իհարկե, Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, թե հիմա ինչ են քննարկում, ինչ մոտեցումներ, դա կարեւոր չէ։ Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել իր մոտեցումները, դա կա, միշտ լինելու է, կարեւորը՝ նշածս հրամայականները պահպանվեն»,- ասաց նա։ Բաբայանը շեշտեց, որ «վերելակային», ինչպես նաեւ այլ հանդիպումներն էլ կարող են համարվել բանակցություններ, բայց կարեւորը՝ որ պահպանվեն իր նշած հրամայականները։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ բանակցություններ են ընթանում առանց Արցախի մասնակցության, եւ Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց խոստումն իրականացնել։ Բաբայանը հիշեցրեց, որ Արցախը դեռեւս երկու տարի առաջ է ողջունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, միեւնույն ժամանակ նկատեց, որ բարդ է լինելու։

«Մենք Ադրբեջանին լավ ենք ճանաչում»,- ասաց Բաբայանը։ Փոխարենը Փաշինյանը տպավորված է Ալիեւի կիրթ եւ գրագետ լինելու փաստից եւ նախօրեին էլ հայտարարեց, որ իրենց շփումներից տպավորություն ունի, թե Ադրբեջանի նախագահը պատրաստակամ  է հարցը շուտափույթ կարգավորելու հարցում։

«Այո, պատրաստակամ է, բայց Արցախը ոչնչացնելու հարցում, ավելին՝ նա մեր հակառակորդներից ամենաազնիվն է, որ չի էլ թաքցնում իր այդ մտադրությունների մասին, ուղիղ ասում է՝ գալու ենք ձեզ ոչնչացնենք, բռնաբարենք, վառենք, թափենք, նա Երեւանը, Սեւանն էլ է համարում ադրբեջանական»,- առարկում է Բաբայանը։ Բայց նա, վարչապետի կարծիքով, կիրթ է, կիրթ անձնավորություններն այդպիսի բարբարոս մտադրություն կունենա՞ն։ «Այո, Ալիեւը՝ շատ կիրթ, չի քֆրտում, այդպես կիրթ ձեւով էլ ասում է՝ գալու ենք ձեզ ոչնչացնենք։ Կրթված մարդ լինելը չի նշանակում, որ թշնամի չէ։ Ինքը հայատյաց է»։

Այդուհանդերձ, պաշտոնական Ստեփանակերտին հայտնի՞ է, թե այս պահին բանակցային սեղանին ինչ տարբերակ է դրված, ինչ են քննարկում, հատկապես Լավրովի հայտնի հայտարարությունից հետո ճշգրտումներ արվե՞լ են, արդյոք քննարկվող փաստաթուղթը հայտնի փուլայի՞ն տարբերակն է։ «Մենք տեղյակ ենք ընդամենը, թե ինչպես են գնում բանակցությունները եւ այլն, որքան ես գիտեմ՝ որեւէ կոնկրետ փաստաթուղթ չի կարող լինել, այն պետք է համաձայնեցվի կողմերի միջեւ, այդ թվում՝ Արցախի»։ Իսկ ո՞ր դրույթների շուրջ են քննարկումները, կամ ի՞նչ փուլում է բանակցային գործընթացը։ «Ես կարծում եմ, որ բանակցային առումով գտնվում ենք 1994 թվականի փուլում։ Որովհետեւ հակամարտության վերջնական կարգավորման առումով որեւէ տեղաշարժ չկա այդ կետից ի վեր, իհարկե, չենք խոսում հրադադարի ռեժիմի պահպանման մասին, որն այդ թվականից հետո էականորեն պահպանվել է՝ ապրիլյան քառօրյան չհաշված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ