«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ հեղափոխությունից հետո փոքրաթիվ մարդիկ, նաեւ մենք, ահազանգում էինք, որ վտանգավոր ուղու վրա է երկիրը, հարկավոր է դուրս գալ հեղափոխական էյֆորիայից եւ մտնել կառուցողական դաշտ՝ աշխատանքի, իրական հանդուրժողականության, սիրո, համերաշխության, եւ սկսել լուծել մեր երկրի առաջ կանգնած խնդիրները, կանխատեսում էինք, որ սրված կրքերի, չարության, ատելության, վրեժի, հետապնդումների ալիքը մեզ վատ տեղ է տանելու։
Ակնհայտ էր, որ նախ, չի հաջողվելու նախկիններին պատժելու, թալանածը հետ բերելու գործընթացում արդարություն ապահովել՝ իշխանությունների հետ մութ գործարքներ կնքողներն իրենց հարցերը կլուծեն, իսկ ով չկնքեց, կհայտնվի մսաղացի մեջ։ Բացի այդ՝ «թալանածը հետ բերելու» գործընթացից էլ ոչ թե երկիրն ու հասարակությունը կշահեն, այլ անհատ անձինք։ Վստահ էինք, որ թալանչիներից կուտակածը խլելու գործընթացը վերածվելու է ունեցվածքի վերաբաշխման ամոթալի ու վտանգներով հղի մի պրոցեսի, որից մեր երկիրը շատ է տուժելու։ Եվ մասնավորապես՝ ներդրումներն են փախչելու երկրից, տնտեսությունն է մեծապես տուժելու։
Կանխատեսում էինք նաեւ, որ իշխանություններից հրահրվող եւ հմտորեն իրենց շահերին ծառայեցվող ագրեսիան, ատելությունը, թշնամանքը մեր հասարակությունը պառակտելու է, նոր եւ անվերահսկելի հանցագործությունների համար հող է հանդիսանալու, բայց ինչ-որ պահից շուռ է գալու հենց իրենց՝ այդ թշնամանքը գեներացնողների դեմ։ Հետո արդեն բազմաթիվ այլ առիթներ ենք ունեցել զգուշացնելու երիտասարդ իշխանություններին, որ անապացույց հայտարարություններ անել չի կարելի, ինստիտուտները ոչնչացնել ու վարկաբեկել չի կարելի, չհաշվարկված քայլեր, կասկածելի օպտիմալացումներ անել չի կարելի։ Բայց այդ բոլոր ահազանգերը հնչել են որպես ձայն բարբառո հանապատի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը