«Փաստ»-ը գրում է․ «Կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ ոչ ստանդարտ զարգացումների։ Ճգնաժամի արդյունքում տնտեսության տարբեր ճյուղեր հայտնվեցին միանգամայն դժվարին դրության առաջ, իսկ վերականգնման համար տևական ժամանակ ու պետության կողմից հետևողական աջակցություն է պետք։
Ուշագրավն այն է, որ մինչ համավարակի տարածումը ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե երկրի տնտեսությունը թափով զարգանում է, տնտեսական հեղափոխության իրականացումն անկասելի է, սակայն կորոնավիրուսի տարածումից հետո իշխանությունների հռետորաբանության մեջ անմիջապես փոփոխություններ նկատվեցին։
Այսպես, մարտին՝ վարակի տարածման սկզբնական շրջանում, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարում էր, թե 2018-2019 թվականների արդյունքներով Հայաստանը կուտակել է շատ մեծ տնտեսական պոտենցիալ՝ տնտեսական ռեստարտ իրականացնելու, տնտեսական հեղափոխությունը զրոյից սկսելու համար:
Սակայն որքան ժամանակն անցավ, այնքան տնտեսական խնդիրները շարունակեցին խորանալ։ Անգամ չօգնեց 2018-2019 թվականների արդյունքներով Հայաստանի կուտակած տնտեսական պոտենցիալը։ Եվ արդյունքում Հայաստանը ստիպված է լինելու տնտեսական ռեստարտը սկսել ոչ թե զրոյից, ինչպես Փաշինյանն է հայտարարում, այլ մինուսից։
Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը՝ չնչին բացառությամբ, կրախի առաջ են կանգնել։ Մեր տնտեսությունը նաև մեծապես տուժում է նրանից, որ ժամանակին իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը որոշակի տնտեսական գործունեության ուղղություններից և առանձին գործընկեր երկրներում առկա տնտեսական իրավիճակից չի թուլացել։
Ուստի պատահական չէ, որ տնտեսական անկման պայմաններում կառավարությունը նախատեսում է, որ 2020թ. հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169,1 մլրդ դրամով:
Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը և ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5 տոկոսի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
Եվ մինչ առկա իրավիճակի պայմաններում մեծ թվով քաղաքացիներ կոմունալների վճարման և իրենց պահանջմունքները բավարարելու խնդիրների առաջ են կանգնած, կառավարությունը նոր արտոնություններ է ստանում պետական բյուջեն տնօրինելու հարցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը