168.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ձևակերպեց, իր բնորոշմամբ, «Կոմունալ համերաշխության բանաձևը»: Ըստ Կառավարության ղեկավարի՝ պետությունը 4.5 միլիարդ դրամ է ուղղել քաղաքացիների կոմունալ վճարներին, սակայն, քանի որ ունի աջակցության կարիք ունեցողներին իդենտիֆիկացնելու խնդիր, հայցում է գումարի կարիք չունեցող բաժանորդների օգնությունը.
«Եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրիր այն իրական կարիքավորին, համաձայն «կոմունալ համերաշխության» բանաձևի»: Ըստ էության՝ վարչապետն առաջարկում է, որ կառավարության հատկացրած 12000 ական դրամների կարիքը չունեցողները դա փոխանցեն իրենց շրջապատում դրա կարիքն ունեցողներին, կամ գնան բանկ ու վճարեն կարիքավորների կոմունալ վճարները:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետի առաջարկած «Կոմունալ համերաշխության բանաձևը» համարեց կառավարման իսպառ բացակայության հետևանք:
«Դա նմանվում է ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ասածին՝ «Փող չունեք՝ հարևանից պարտք արեք, ապրեք»: Ես առաջարկած բանաձևը չեմ կարող մեկնաբանել, որովհետև անհայտ է, թե նա դա ինչ մեթոդոլոգիայի վրա հիմնվելով է ասել: Պարզ էր, չէ՞, որ հանրային ծառայությունների ոլորտում՝ մասնավոր հատվածի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, վեր կենալ և նման հայտարարություն անելը սխալ էր: Եթե անգամ բաժանորդների կողմից վճարել-չվճարելու հարց էր քննարկվել, այդ ուղղությամբ բանակցություններ էին տարվել, ապա հայտարարություն անելու իրավունքը պատկանում է Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, կամ ՀԷՑ-ին ու «Գազպրոմ Արմենիային»: Բայց վարչապետն է հայտարարություն արել ու մի կողմից՝ պետությանը գցել բեռի տակ, մյուս կողմից՝ առաջացրել է հանրության մոտ սպասումներ՝ չհիմնավորված ու չերաշխավորված: Ամբողջ համակարգում իր այդ հայտարարություններով ստեղծել է մի այնպիսի շփոթ, որ հիմա էլ վեր է կենում ու այլ հայտարարություններ անում»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա՝ ճգնաժամերի դեպքում պետություններն ունենում են հակաճգնաժամային ռազմավարություններ, շատ արագ իրականացնում հաշվարկներ, որոնց մասին, ի դեպ, ՀՅԴ-ն հրապարակել է դեռևս մարտի 23-ին:
«Ասել ենք, որ բազմաթիվ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն է առաջանալու, հարկավոր է գումարների հետ խելամիտ վարվել, ոչ թե չհիմնավորված պարտավորություններ ստանձնել: Առաջարկել ենք բանակցել հանրային ծառայություններ մատուցողների հետ և նրանց հետ նախապես հստակեցնել այն մեխանիզմները, որոնցով պետք է գործել արտակարգ դրության պայմաններում: Մենք առաջարկել էինք, բայց ինչ տեսանք՝ ամբողջ համակարգը կանգնեցրել են սպառնալիքի առաջ՝ իրենց պոպուլիստական հայտարարություններով, իսկ հիմա էլ արդեն պատասխանատվությունը գցում են քաղաքացու վրա ու ասում՝ փողի կարիքը եթե չունես, տար վճարիր հարևանիդ կամ ծանոթիդ կոմունալների վարձավճարները: Այս քաղաքականությունը փաստում է, որ գործ ունենք բյուջեի անարդյունավետ ծախսերի հետ: Իսկ եթե իրականում լուրջ քննարկումներ ծավալված լինեին, ապա հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները կարող էին առաջարկել այս բանաձևը՝ առաջիկա երեք ամսիներին բաժանորդները կվճարեն 10 տոկոսով, իսկ Կառավարությունը դրանց կավելացներ իր աջակցությունը, իսկ այս դեպքում ֆինանսական ռեսուրսներն այնպես կբաշխվեին, որ համակարգերը կաթվածահար չէին լինի»,- ասաց Մինասյանը:
Անդրադառնալով երկրում հայտարարված արտակարգ դրությանը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամը նշեց, որ, եթե արտակարգ դրության ռեժիմը պետք է իրականացվեր այնպիսի փնթի ձևով, ինչպես իրականացվում է, ապա լավ կլիներ գոնե հայտարարել արտակարգ իրավիճակ:
«Արտակարգ դրությունը դա ծայրահեղ միջոց է, որը պետք է լիարժեք ապահովել, ինչը չի արվել: Բացի այդ՝ արտակարգ դրության ժամանակ պետական իշխանությունը ստանձնում է ավելի շատ իրավունքներ, իսկ արտակարգ իրավիճակի դեպքում՝ շատ պարտավորություններ, և այս իշխանությանը գնաց ավելի շատ իրավունքներ ստանձնելու ճանապարհով՝ սահմանափակեց ամեն ինչ՝ իրականում ոչինչ, առաջացրեց երկրում քաոս, խորացրեց ատելության մակարդակը, լռեցրեց բոլոր ընդդիմախոսներին, պետական ռեսուրսներն ըստ հայեցողության օգտագործեց և այդ ամենի արդյունքում առաջ է տանում միայն իր քաղաքական նպատակները:
Ամբողջ երկրում տիրում է քաոս, ուստի չի բացառվում պայթյուն հենց իշխանության ներսում, թեև մեզ համար ամենավտանգավորն արտաքինն է ու Արցախի հարցը, որովհետև ստեղծված վիճակն ու ձևակերպված խնդիրը վկայում են, որ մեր դիմադրողականությունը թուլացնելու հստակ ծրագիր է գործարկվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին՝ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում դա հրամայական է:
«Նոր որակի իշխանությունը հրամայական է, բայց, թե ինչ ձևով դա կլինի, այս պահին չեմ կարող հստակ ասել: Միայն նշեմ, որ հենց նոր որակի իշխանությունը բացառելու համար է, որ այս իշխանության համար քաղաքական բոլոր կուսակցությունները բոլոր հնարավոր տարբերակներով անտեսվում են՝ անգամ Ցեղասպանության տարելիցի ժամանակ: Կա՞ մեկը, որը տեսել է, որ երկրի վարչապետը մի սեղանի շուրջ այլ ուժերի հետ քննարկի երկրի առաջ ծառացած մարտահրավերները, չի եղել նման որևէ քննարկում որևէ քաղաքական ուժի հետ, մինչդեռ պետք է ասեմ, որ մինչև 2018 թվականը Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որը քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ և քննարկումներ չաներ»,- խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը