29 04 2020

Սխալ՝ սխալի հետևից․ «Հրապարակ»

Սխալ՝ սխալի հետևից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ, ինչպեսեւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տնտեսական գործունեության բոլոր ասպարեզները բացելու մասին, բացի կրթական համակարգից եւ տրանսպորտից։ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ իշխանությունը խոստովանեց, որ սխալ են եղել իրենց հաշվարկները՝ 1-2 ամսում կորոնավիրուսը հաղթահարել չհաջողվեց, այն տեւելու է առնվազն մեկ տարի, ուստի անիմաստ է շարունակել երկիրը կաթվածահար անել, մանավանդ՝ կարանտինը գրեթե չի գործում, եւ վարակն էլ ահռելի տեմպերով տարածվում է։ Արձանագրենք, որ իշխանությունները սխալ էին ինչպես վարակի տարածման առաջին շրջանում, երբ հոխորտում էին վիրուսի «հասցեին», թե այն սովորական գրիպ է։

Սխալ էին արտակարգ դրություն մտցնելու առաջին փուլում, երբ ասում էին, որ այս սահմանափակումները կարճ են տեւելու, եւ ոչ մեկի գազն ու ջուրը չեն անջատելու։ Թերեւս, սխալ են նաեւ այսօր, երբ հակառակ ծայրահեղության մեջ են ընկնում՝ հայտարարելով, որ այս վարակը մեզ ուղեկցելու է մեկ տարուց ավելի։ Իսկ սխալ պրոգնոզներ անող, ֆինանսները սխալ բաշխող, հասարակությանը մոլորության մեջ գցող՝ մե՛կ անիմաստ հուսադրող, մե՛կ չափից դուրս խուճապի մատնող իշխանությունն ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժողովուրդների կյանքում։ Իհարկե, կարեկցանքի արժանի են երիտասարդ իշխանավորները, որոնք իշխանության բարիքները հասցրին հազիվ 2 տարի վայելել եւ հայտնվեցին նման ահեղ արհավիրքի դեմ պայքարելու մարտահրավերի առաջ՝ դեմ հանդիման։ Արհավիրք, որի դեմ անգամ հմուտ եւ շատ գրագետ իշխանությունները չեն կարողանում հաջողությամբ պայքարել։ Բայց փաստ է, որ մեր վիճակն առավել վատթարանում է՝ պայմանավորված երիտասարդ իշխանավորների ոչ ադեկվատությամբ, մեծամտությամբ եւ սխալներից դասեր չքաղելու համառությամբ»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ