22 04 2020

Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի․ «Հրապարակ»

Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական հանրաքվեի նախօրեին բոլոր նրանք, ովքեր դրական էին տրամադրված Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անելու հարցում, գոնե՝ նրանց մտածող հատվածը, մի փաստարկ էին բերում՝ թող այս վերջին բաստիոնն էլ վերցնի Փաշինյանը, գուցե հանգստանա, համարի, որ նախկինների հարցերը լուծված են, եւ սկսի աշխատել, լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։

Ես՝ որպես հակափաստարկ, մի միտք էի կրկնում․ ՍԴ-ի հարցը կլուծվի, կհայտնվեն նոր «թիրախներ ու թշնամիներ», հաջորդը կարող են լինել, ասենք, վճռաբեկ դատարանը, Սլավոնական համալսարանը, Պատմության ինստիտուտը, Վանաձորի քաղաքապետարանը, ալյումինի գործարանը՝ ով եւ ինչ ասես։

Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի եւ իր նեգատիվ էներգիան կուղղի դեպի այն՝ հասարակությանը հավատացնելով, որ մինչեւ, ասենք, Պատմության ինստիտուտի տնօրենը չփոխվի, եւ նրա փոխարեն 30-ամյա մի երիտասարդ չնշանակվի, մեր երկիրը չի զարգանալու, ներդրումներ չեն գալու, ՀՆԱ-ն չի աճելու, եւ արտագաղթը չի դադարելու։ Եվ բոլոր նրանք, ովքեր հակված են հավատալու գործող իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, կասեն, այո՝ եկեք մի նոր հանրաքվե անենք, որ այդ ինստիտուտում տնօրեն նշանակվի Փաշինյանի վստահությունը վայելող ջահել կադր, որովհետեւ, դիցուք՝ Աշոտ Մելքոնյանը չի վայելում նրա վստահությունը։ Նրանք, ովքեր համոզված էին, որ ՍԴ-ն վերջին բաստիոնն է, եւ հանրաքվեն ու ՍԴ կազմի փոփոխությունը խաղաղվածություն կբերեն եւ կառուցողական աշխատանքի հորիզոն կբացեն մեր հեղափոխական իշխանությունների համար, կարծում եմ, եկեղեցու հետ կապված աղմուկից պետք է հետեւություններ անեին, որ իրենք սխալվում են։ Ինչո՞վ նոր թիրախ չէ եւ ինչո՞ւ հնի մնացուկ չէ Հայ առաքելական եկեղեցին։ Ինչո՞վ է Գարեգին Բ-ն գերազանցում Հրայր Թովմասյանին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ